Meta-ն $60-65 միլիարդ կներդնի AI-ի եւ տվյալների կենտրոններում
Meta-ի արհեստական բանականության վրա կապիտալ ծախսերը 2025 թվականին կկազմեն 60-65 մլրդ դոլար, հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը։
Դա զգալիորեն ավելին է, քան 2024 թվականին ծախսված մոտ 35-40 միլիարդ դոլարը, նշում է The New York Times-ը:
Այդ գումարի մի մասը կուղղվի տվյալների մշակման կենտրոններին, մանրամասնում է պարբերականը։ Ընկերությունը նաեւ նախատեսում է տարին ավարտել ավելի քան 1,3 միլիոն գրաֆիկայի մշակման միավորներով (GPU) եւ ընդլայնել իր AI թիմը: Meta-ն արդեն Nvidia-ի ամենախոշոր հաճախորդներից մեկն է, նշում է Reuters-ը:
Ցուկերբերգն ասում է, որ 2025 թվականը «վճռական» տարի կլինի արհեստական բանականության համար։ Նա ակնկալում է, որ Meta AI-ը կդառնա առաջատար օգնական՝ ավելի քան 1 միլիարդ օգտատիրոջ համար, իսկ Llama 4-ը՝ առաջատար AI մոդել:
Microsoft-ը հայտարարել է, որ նախատեսում է մոտ 80 միլիարդ դոլար ներդնել 2025 ֆինանսական տարում՝ տվյալների կենտրոններն ընդլայնելու համար: Չինաստանի TikTok-ի սեփականատեր ByteDance-ն ավելի քան 12 մլրդ դոլար կներդնի արհեստական բանականության ենթակառուցվածքում, հայտնում է FT-ն։
OpenAI-ը, Oracle-ը եւ SoftBank-ը ստեղծում են Stargate-ը ԱՄՆ-ում տվյալների կենտրոններ կառուցելու համար՝ 100 միլիարդ դոլար նախնական ներդրումով եւ չորս տարվա ընթացքում մինչեւ 500 միլիարդ դոլար ներդնելու պլանով: