Թուրքիայի արտաքին հավակնությունները ձեւավորող նախկին հետախույզը
Ներկայացնում ենք The Financial Times-ում հրապարակված The ex-spymaster shaping Turkey’s foreign ambitions հոդվածի հայերեն թարգմանությունը:
Թուրքիայի հետախուզության պետի պաշտոնում նշանակվելուց մոտ մեկ տարի անց Հաքան Ֆիդանին գործուղեցին Դամասկոս՝ համոզելու Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին չճնշել խաղաղ բողոքի ցույցերը:
Ֆիդանի փորձը ձախողվեց, եւ Ասադի 2011 թվականի դաժան հալածանքները ստիպեցին նրան գործ ունենալ քաղաքացիական պատերազմի հետ, որի հետեւանքով միլիոնավոր փախստականներ ուղեւորվեցին Թուրքիա, իսկ «Իսլամական պետությունը» (ISIS) սկսեց վերելք ապրել:
Անցյալ տարվա դեկտեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարարի կարգավիճակում Դամասկոս վերադարձած Ֆիդանին բոլորովին այլ ընդունելություն էր սպասում: Ժամանելուն պես նրան ջերմորեն գրկեց Ահմեդ ալ-Շարաան, որի ձեռնարկած հարձակումը վերջ դրեց Ասադի կառավարմանը եւ Անկարային դարձրեց Սիրիայում գերիշխող օտարերկրյա խաղացող:
«Սիրիայի ամենամութ ժամանակաշրջանն արդեն անցել է», - ասել էր Ֆիդանը այցի ընթացքում: «Առջեւում լավ օրերն են»:
Սա արդարացման պահ էր բարձրահասակ, նրբակիրթ լրտեսի համար, որը դիվանագետ է դարձել վերջին 15 տարիների ընթացքում Թուրքիայի ժամանակակից անվտանգային քաղաքականության գլխավոր ճարտարապետներից մեկը հանդիսանալուց հետո: Այժմ, երբ Ֆիդանը դուրս է եկել ստվերից, եւ նրա հեղինակությունը երկրի ներսում աճում է, ոմանք նրան նույնիսկ տեսնում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր հետնորդի դերում:
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MIT) ղեկավարը հանդիսանալով 2010-ից 2023 թվականները, նա կենտրոնական դեր է խաղացել երկրի ռազմավարության ձեւավորման գործում Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում՝ միաժամանակ հավասարակշռելով հարաբերությունները Ռուսաստանի եւ Անկարայի դաշնակիցների հետ ՆԱՏՕ-ում, որտեղ Թուրքիան ունի երկրորդ ամենամեծ բանակը ԱՄՆ-ից հետո:
Ֆիդանը Անկարայի դերի հանրային դեմքն է Ասադից հետո Սիրիայի կայունացմանը նպաստելու գործում, միաժամանակ կառավարելով հարաբերությունները տարածաշրջանային հարեւանների հետ, որոնք զգուշավոր են Թուրքիայի աճող ազդեցության նկատմամբ: Նա նաեւ պետք է նավարկի ՆԱՏՕ-ի ներսում առաջացած խառնաշփոթի միջով:
«Նախկինում ես ղեկավարում էի մեծ կազմակերպություն, իսկ հիմա այն ղեկավարում է ինձ», - ասում է նա Financial Times-ին տված հարցազրույցում՝ նկատի ունենալով իր անցումը հետախուզության աշխարհից համաշխարհային դիվանագիտություն:
Ֆիդանը վերջերս Լոնդոնում էր իր եվրոպացի գործընկերների հետ՝ քննարկելու արձագանքը Թրամփի փորձերին՝ ստիպել Ուկրաինային հրադադար կնքել Ռուսաստանի հետ եւ սպառնալիքներին՝ հեռանալ եվրոպական անվտանգությունից:
ԱՄՆ նախագահի գործողությունները «արթնացման ազդանշան են մեզ համար, որպեսզի միավորվենք եւ ստեղծենք մեր սեփական ծանրության կենտրոնը», ասում է Ֆիդանը Financial Times-ին՝ ավելացնելով, որ Թուրքիան կցանկանար դառնալ ցանկացած նոր եվրոպական անվտանգության ճարտարապետության մասը, եթե ՆԱՏՕ-ն փլուզվի:
«Ջինը բաց է թողնված շշից, եւ նրան վերադարձնելու տարբերակ չկա», - ասում է նա եվրոպական անվտանգության մասին:
«Անգամ եթե նախագահ Թրամփն այս պահին չհանի զորքերը Եվրոպայից, հնարավոր է, որ ապագայում մեկ ուրիշը նման հայացքներով եւ քաղաքական գաղափարներով կարող է դիտարկել Եվրոպայի անվտանգության մեջ Ամերիկայի ներդրման նվազեցման հարցը», - նշում է նա:
Սիրիայում, որտեղ Անկարան շարունակում էր աջակցել զինված ընդդիմության մնացորդներին նույնիսկ այն ժամանակ, երբ այլ տարածաշրջանային տերություններ ձգտում էին վերականգնել հարաբերությունները Ասադի հետ, Թուրքիան հավանաբար խաղալու է ամենակարեւոր դերը, իսկ Ֆիդանը իրադարձությունների կենտրոնում կլինի:
Նախկին զինվորական Ֆիդանը երկար ժամանակ Էրդողանի ամենավստահելի անձանցից մեկն էր: Նա մնաց իր պաշտոնում անհանգիստ ժամանակներում, ներառյալ 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ, երբ MIT-ի գրասենյակը գնդակոծվեց:
Որպես հետախուզության պետ նա վայելում էր արեւմտյան գործընկերների հարգանքը նույնիսկ այն ժամանակ, երբ Էրդողանը լայնածավալ ներքին ճնշումներ են իրականացնում՝ Ֆիդանի MIT-ի օգնությամբ, եւ վարում էր ավելի ու ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականություն, որը հանգեցրեց ռազմական միջամտությունների Սիրիայում եւ Լիբիայում, ինչպես նաեւ պարբերական վեճերի ԱՄՆ-ի եւ եվրոպական տերությունների հետ:
Երբ Իրանը եւ Ռուսաստանը միջամտեցին Սիրիայի քաղաքացիական պատերազմին՝ աջակցելով Ասադին, Ֆիդանն օգնեց կառավարել բարդ հարաբերությունները Թեհրանի եւ Մոսկվայի հետ:
Ասադի հեռանալուց հետո Թուրքիան դարձավ ամենաազդեցիկ օտարերկրյա խաղացողը Սիրիայում՝ Իրանը ստիպված էր դուրս բերել իր զորքերը, իսկ Ռուսաստանը կորցրեց դաշնակցին Մերձավոր Արեւելքի սրտում:
Անկարան պնդում է, որ ուղղակի աջակցություն չի ցուցաբերել «Հայաթ Թահրիր ալ-Շամին» (ՀԹՇ)՝ «Ալ-Քաիդայի» նախկին մասնաճյուղի ճյուղավորմանը, որը գերիշխում է Սիրիայի ժամանակավոր կառավարությունում: Ֆիդանը հերքում է, որ նախնական տեղեկություններ է ունեցել ՀԹՇ-ի հարձակման մասին, սակայն փորձագետները կարծում են, որ ՀԹՇ-ն հազիվ թե գործեր առանց Անկարայի համաձայնության՝ տարիներ շարունակ Թուրքիան առանցքային դեր է խաղացել խմբավորման ռազմական ներուժի զարգացման գործում:
Ֆիդանը զարգացրել է հարաբերությունները Շարաայի հետ, որոնք սկսվել են 2017 թվականի գաղտնի հանդիպման ժամանակ, երբ ՀԹՇ-ն ամրապնդում էր իր վերահսկողությունը Իդլիբի վրա: Այն ժամանակ Ֆիդանը խորհուրդ տվեց զինյալների առաջնորդին «խզել բոլոր կապերը ծայրահեղական խմբավորումների հետ», ներառյալ «Ալ-Քաիդան» եւ ISIS-ը:
«Նա գնաց այդ ճանապարհով», - ասում է Ֆիդանը: Նա կարծում է, որ Շարաան այժմ «ավելի լավ է հասկանում այն հասարակությունը, որի հետ գործ ունի»:
Թուրքիայի ընդլայնվող դերը Սիրիայում նոր հնարավորություններ է ընձեռում թուրքական բիզնեսի եւ առեւտրի ընդլայնման համար: Բայց դա նաեւ բերում է բեռ, ռիսկեր եւ սպառնալիքներ, քանի որ Շարաան ձգտում է ամրապնդել վերահսկողությունը եւ համոզել բազմաթիվ զինված խմբավորումներին միանալ ազգային անվտանգության նոր կառույցներին:
Ֆիդանի աճող մտահոգություններից մեկը Իսրայելի ռազմական հարձակումներն են հարավային Սիրիայի վրա Ասադի ռեժիմի անկումից հետո:
«Շարունակվող հարձակումները եւ զորքերի նոր տեղաշարժերը բացահայտ սադրանք են», - ասում է Ֆիդանը: «Իսրայելը յուրաքանչյուր արաբական եւ մուսուլմանական երկրում սպառնալիք է տեսնում, եւ դա չափազանց վտանգավոր է»:
Բայց Ֆիդանի գլխավոր մտահոգությունը Սիրիական ժողովրդավարական ուժերի (ՍԺՈւ) ճակատագիրն է՝ քրդերի ղեկավարությամբ գործող հզոր խմբավորում, որին ԱՄՆ-ը զինել եւ վարժեցրել է որպես իր տեղական գործընկեր ISIS-ի դեմ պայքարում:
Թուրքիան քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչներ եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) մաս, որն արդեն չորս տասնամյակ ապստամբական պայքար է մղում թուրքական պետության դեմ: 2016 թվականից ի վեր Թուրքիան առնվազն երեք հարձակում է ձեռնարկել հյուսիսային Սիրիայի վրա եւ այնտեղ է տեղակայել իր կողմից աջակցություն վայելող սիրիական խմբավորումները, ինչը Վաշինգտոնի հետ մշտական լարվածության աղբյուր է հանդիսանում:
Ֆիդանը բազմիցս զգուշացրել է, որ ՍԺՈւ-ն, որը, ըստ իր գնահատականների, 65 000 զինյալ ունի, պետք է ցրվի եւ երկրից հեռացնի ոչ սիրիացի մարտիկներին, կամ էլ բախվի թուրքական ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքի հետ:
«Այս մարդիկ Թուրքիայի երդվյալ թշնամիներն են», - չի թաքցնում Ֆիդանը:
Անկարան հույս ունի, որ զենքերը վայր դնելու մասին Աբդուլա Օջալանի կոչը վերջ կդնի ապստամբական շարժմանը Թուրքիայում: Անկարան պատրաստ է Շարաայի կառավարությանը ժամանակ տալ ՍԺՈւ-ի հետ հակամարտությունը լուծելու համար: «Ի վերջո, մենք ուզում ենք նրանց հնարավորություն տալ պատասխանատվություն ստանձնել խնդրի լուծման համար», - նշում է Հաքան Ֆիդանը:
Փորձելով հակազդել այն կարծիքին, որ քուրդ զինյալները անհրաժեշտ են ISIS-ի վերածնունդը կանխելու համար, Ֆիդանը առաջ է մղում տարածաշրջանային կոալիցիայի ստեղծման ծրագիրը: Թուրքական ուժերը նաեւ կարող են իրենց վրա վերցնել ՍԺՈւ-ի ճամբարների եւ բանտերի կառավարումը Սիրիայի հյուսիս-արեւելքում, որտեղ պահվում են ISIS-ի տասնյակ հազարավոր զինյալներ եւ նրանց հարազատները, եթե դա անհրաժեշտ լինի, ավելացնում է Ֆիդանը:
«Սա հետախուզության եւ օդային հզորության հարց է», - ասում է Ֆիդանը: «Մենք կկարողանանք ստեղծել մեր սեփական տարածաշրջանային հարթակը եւ պայքարել ISIS-ի դեմ, նույնիսկ եթե ԱՄՆ-ը որոշի դուրս բերել զորքերը»:
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: