Oracle-ը դիտարկում է Հայաստանը որպես հեռանկարային ուղղություն
Բարսելոնայում՝ մարտի 2-ին մեկնարկած Համաշխարհային բջջային կոնգրեսի (MWC) ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդիպել է ամերիկյան Oracle Corporation ընկերության Զարգացման հարցերով ավագ փոխնախագահ Մեթ Բիլի հետ։
Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը, ոլորտի զարգացմանն ուղղված ռազմավարական առաջնահերթությունները եւ այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը։ Նա նշել է, որ Հայաստանը նպատակ ունի ձեւավորել մրցունակ եւ միջազգային շուկաներում ինտեգրված տեխնոլոգիական էկոհամակարգ։ Նախարարի տեղակալը նաեւ ընդգծել է, որ պետությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում համագործակցության զարգացման ուղղությամբ։
Մեթ Բիլը ներկայացրել է Oracle Corporation-ի թվային կառավարման ծրագրերը՝ նշելով, որ ընկերությունը տարբեր երկրներում ակտիվորեն համագործակցում է կառավարությունների հետ՝ պետական համակարգերի թվայնացման, տվյալների արդյունավետ կառավարման եւ հանրային ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ։
Նա ընդգծել է, որ ներկայում Oracle-ն ունի խոշոր զբաղվածության եւ զարգացման կենտրոններ Հնդկաստանում, սակայն իր ներկայությունն ընդլայնելու նպատակով ուսումնասիրում է նոր տարածաշրջաններ։ Այդ գործընթացի շրջանակում, ըստ Մեթ Բիլի, հնարավոր է քննարկվի նաեւ Հայաստանը՝ որպես հեռանկարային ուղղություն՝ հաշվի առնելով երկրի տեխնոլոգիական ներուժը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության մի շարք հնարավորություններ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ ուսումնասիրելով գործակցության կոնկրետ ձեւաչափերն ու հնարավոր ուղղությունները։
