Թրամփը չի հասկանում, որ Իրանի համար պատիվն անսակարկելի է
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Սթենֆորդի համալսարանի կազմակերպչական վարքագծի եւ հոգեբանության պրոֆեսոր Միշել Գելֆանդի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:
Միշել Գելֆանդ
Իրանական պատերազմի չորրորդ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում քննարկումների մեծ մասը կենտրոնացած է հակամարտության ավարտի հստակ ծրագրի բացակայության, երկարամյա դաշինքների քայքայման, ինչպես նաեւ Դոնալդ Թրամփի անհետեւողական դիվանագիտության վրա: Դիտարկելով հակամարտությունը որպես պայքար ռեսուրսների եւ տարածաշրջանային ազդեցության համար՝ Թրամփը հույսը դնում է պատժամիջոցների, մեկուսացման եւ հրթիռային հարվածների վրա՝ փորձելով ստիպել Իրանին զիջումների գնալ: Սակայն Իրանի համար խաղադրույքները նյութական շահերի սահմաններից դուրս են:
Ամերիկյան արտաքին քաղաքականությունը երկար ժամանակ հիմնվել է մի պարզ նախադրյալի վրա. բավարար տնտեսական վնաս հասցրեք եւ հակառակորդներն ի վերջո կհանձնվեն: Այս մոտեցումը հաճախ արդյունավետ է լինում, երբ առաջնորդները գալիս են եզրահանգման, որ իրենց գոյատեւումը կախված է փոխզիջումից: Սակայն այն չի գործում այն հասարակություններում, որտեղ, վերաձեւակերպելով արաբական հին ասացվածքը, պատիվը հացից կարեւոր է: Սովին կարող ես դիմանալ, անպատվությունը՝ ոչ:
Պատվի գաղափարի վրա կողմնորոշված մշակույթներում հակամարտությունները չեն մղվում միայն տարածքի կամ հարստության համար: Նման պետությունները պատրաստ են կրել արտակարգ զրկանքներ՝ սեփական հեղինակությունը պաշտպանելու համար, նույնիսկ սեփական գոյատեւման ռիսկի ենթարկելու գնով: Այն, ինչ կարող է իռացիոնալ թվալ արտաքին դիտորդներին, հաճախ ծառայում է ռազմավարական նպատակին:
Այս տրամաբանությունը խոր պատմական արմատներ ունի։ Պատվի վրա հիմնված մշակույթները, որպես կանոն, ձեւավորվում են այնպիսի պայմաններում, որտեղ ինստիտուտները թույլ են, իսկ սպառնալիքները՝ մշտական։ Մերձավոր Արեւելքի մեծ մասում, ներառյալ Իրանի շրջանները, անասնապահական տնտեսությունը եւ ցեղային համակարգերը հարստությունը (հաճախ՝ անասունների ձեւով) դարձնում էին միաժամանակ եւ՛ արժեքավոր, եւ՛ հեշտորեն հափշտակվող։ Ագրեսորներին զսպելու համար ցեղերը մշակել էին պատվի խիստ օրենսգրքեր եւ արագ հակահարված տալու պատրաստակամություն։
Երբ մարդիկ չեն կարող ապավինել պետությանը պաշտպանության հարցում, հեղինակությունը դառնում է նրանց գլխավոր պաշտպանական միջոցը։ Զսպումը պահանջում է վստահություն. եթե մրցակիցները հավատում են, որ դուք պատասխան հարված կհասցնեք, նրանց հարձակման հավանականությունը նվազում է։ Սակայն վստահությունը փխրուն է, եւ նույնիսկ մեկ զիջումը կարող է խաթարել այն։
Ժամանակի ընթացքում նման ռազմավարական վարքագիծը վերածվում է բարոյական հրամայականի։ Տոկունությունը ոչ միայն խոհեմություն է, այլեւ ակնկալվող նորմ, իսկ ճնշման տակ զիջման գնալը դիտարկվում է ոչ միայն որպես ծախսատար քայլ, այլեւ որպես ամոթալի երեւույթ։ Այս նորմերը պահպանվում են նույնիսկ պայմանների փոփոխության դեպքում։ Իրանում պատիվը մնում է ներկառուցված սոցիալական ակնկալիքների, ընտանեկան նորմերի, կրոնական ինստիտուտների եւ ազգային ինքնության մեջ։
Արեւմտյան դիտորդները հաճախ սխալ են մեկնաբանում վարքագիծը պատվի վրա կողմնորոշված հասարակություններում։ Բանակցություններ վարելու վերաբերյալ մեր հետազոտությունները ցույց են տվել, որ փաստերի վրա հիմնված գործիքային լեզուն, որը սովորաբար աշխատում է ԱՄՆ-ում, կարող է հակառակ ազդեցությունն ունենալ Եգիպտոսում՝ մի հասարակությունում, որը նույնպես կողմնորոշված է դեպի պատիվը։ Այնտեղ հաջողված համաձայնությունները կախված են բարոյական ամբողջականության դրսեւորումից։
Այս համատեքստում Թրամփի դիրքորոշումն Իրանի նկատմամբ առավել քան հակաարդյունավետ է։ Բացի տնտեսական եւ ռազմական ճնշումներից, նա բազմիցս եւ առանց անհրաժեշտության կասկածի տակ է առել իրանցիների արժանապատվությունը՝ «անվերապահ կապիտուլյացիայի» իր պահանջներով եւ երկրի գազային հանքավայրերը «պայթեցնելու» ու էլեկտրակայանները «ոչնչացնելու» սպառնալիքներով։ Պատվի վրա հիմնված հասարակություններում գերիշխումն ու նվաստացումը չեն հանգեցնում հնազանդության. դրանք հրահրում են էսկալացիա։
Թրամփի ռազմավարությունը հիմնված է այն կանխավարկածի վրա, թե աճող տնտեսական դժվարություններն ի վերջո կթուլացնեն Իրանի վճռականությունը: Սակայն պատվի վրա հիմնված մշակույթներում հարկադրանքը բարձրացնում է հեղինակության հետ կապված խաղադրույքները: Որքան մեծ է ճնշումը, այնքան կարեւոր է դառնում անսասան մնալը: Անհնազանդությունն այստեղ ազդակ է. մենք թույլ չենք տա մեզ նվաստացնել, անկախ նրանից, թե ինչ գին կվճարենք:
Այսպիսով, Իրանի անհնազանդությունը չի վկայում խթաններին արձագանքելու անկարողության մասին: Ընդհակառակը, այն արտացոլում է խթանների բոլորովին այլ համակարգ: Իրանի վարչակարգը կարեկցանքի արժանի չէ, սակայն եթե ԱՄՆ-ը ցանկանում է հաղթել, ապա պետք է հասկանա այն մշակութային տրամաբանությունը, որն ուղղորդում է այդ երկրի առաջնորդների վարքագիծը:
Դրա համար ԱՄՆ-ը պետք է ընդունի, որ պատվի վրա կողմնորոշված մշակույթների առաջնորդներին անհրաժեշտ է տարածություն քաղաքական կուրսը փոխելու համար՝ առանց կապիտուլյացիայի տպավորություն թողնելու: Գործնականում դա նշանակում է հրաժարվել հրապարակային վերջնագրերից հօգուտ մանրակրկիտ հաշվարկված դիվանագիտական մոտեցման, ներգրավել միջնորդների, ովքեր հասկանում են «պատվի դինամիկան», եւ ստեղծել նահանջի այնպիսի ուղիներ, որոնք կնվազեցնեն հեղինակության կորստի ռիսկը երկու կողմերի համար:
Ամերիկայի սեփական փորձը ցույց է տալիս, որ արդյունավետ դիվանագիտությունը հաճախ կախված է հրապարակային նվաստացումից խուսափելուց: 1962 թվականի Կարիբյան ճգնաժամի ժամանակ նախագահ Ջոն Քենեդին խորհրդային առաջնորդ Նիկիտա Խրուշչովին «դեմքը փրկելու» եւ նահանջելու հնարավորություն ընձեռեց՝ գաղտնի համաձայնելով դուրս բերել ամերիկյան հրթիռները Թուրքիայից: Ճգնաժամը հանգուցալուծվեց ոչ թե այն պատճառով, որ կողմերից մեկը ջախջախվել էր, այլ քանի որ երկուսն էլ գտան նահանջելու այնպիսի ձեւ, որը կապիտուլյացիայի տպավորություն չէր թողնում:
1978 թվականին Քեմփ Դեյվիդում ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերը կանխեց Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի եւ Իսրայելի վարչապետ Մենախեմ Բեգինի միջեւ բանակցությունների տապալումը՝ մաքոքային դիվանագիտության դիմելով։ Նա առաջարկները տնակից տնակ էր փոխանցում այնպես, որ առաջնորդներից ոչ մեկը ստիպված չլիներ զիջումների գնալ հրապարակայնորեն։ Դրան հաջորդեց պատմական խաղաղությունը։
Իրանական պատերազմը պահանջում է դեէսկալացիայի նմանատիպ ուղի, որը թույլ կտա երկու կողմերին էլ պահպանել դեմքը։ Նման հակամարտություններում հարցն այն չէ, թե որքան կարող է դիմանալ երկիրը, այլ այն, թե ինչ նա չի կարող իրեն թույլ տալ կորցնել։ Իրանի համար դա պատիվն է։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org
