Добавить новость
ru24.net
Новости по-русски
Апрель
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Մարկ Գրիգորյան. Հայ լինելը

0

Ի՞նչ է նշանակում հայ լինելը Խորհրդային Միությունում, անկախ Հայաստանում եւ ինչ է նշանակում սփյուռքահայ լինելը:

Ինձ բախտ է վիճակվել հանդես գալ բոլոր երեք կարգավիճակներում։ Եվ իհարկե ես երբեմն մտորում էի այն մասին, թե ինչպես եմ ընկալում հայ լինելս տարբեր ժամանակներում ու տարբեր տարիքում։

Բայց այդ մտքերս դանդաղ ու ծույլ էին եւ ոչ մի տեղ չէին տանում, քանի դեռ Մեդիամաքսը չհրապարակեց թուրք պատմաբան Թաներ Աքչամի էսսեի հայերեն թարգմանությունը, որտեղ նա պատմում է այն մասին, թե կյանքի ինչ փուլեր է անցել եւ տարբեր ժամանակներում իր համար ինչ է նշանակել թուրք լինելը։ Եվ մոտս ցանկություն առաջացավ պատասխանել Աքչամին, ում հետ մի փոքր ծանոթ եմ՝ խորհելով իմ հայկական էության մասին։ Ինչպիսի՞ն է այն։


Ես 67 տարեկան եմ։ Դա նշանակում է, որ կյանքիս մեծ մասն արդեն ապրել եմ։ Խոսում եմ այդ մասին հանգիստ, առանց ավելորդ դրամատիզմի ու հույզերի։ Ես ապրել եմ կյանքս երեք երկրներում։ Նախ՝ Խորհրդային Միությունում, հետո՝ անկախ Հայաստանի Հանրապետությունում։ Այնուհետեւ ավելի քան տասը տարի ապրեցի Լոնդոնում, այսինքն՝ սփյուռքի հայերից մեկն էի։ Իսկ հետո վերադարձա։ Հիմա արդեն ինձ համար պարզ է, որ մինչեւ կյանքիս վերջ ապրելու եմ Երեւանում, որի հայրենասերն ու գիտակն եմ ինձ համարում։ Եթե, իհարկե, որեւէ չափազանց արտառոց բան չպատահի։

Սկիզբը. Ինչպես ես հայ էի Խորհրդային Միությունում

Այնպես ստացվեց, որ մանկությունս ու երիտասարդությունս անցան Խորհրդային Միությունում։ Այդ տարիներին հայ լինելս ինձ համար նույնքան բնական էր, որքան շնչելը, ուտելը, խմելը, քնելն ու արթնանալը, վայր ընկնելն ու ծնկները քերծելը։

Հիմա, շուրջ 60 տարի անց, հասկանում եմ, որ չափազանց արտոնյալ մանկություն եմ ունեցել։ Մեծացել եմ պապիս՝ ականավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանի ընտանիքում, ում պատվին էլ ինձ անվանել են։ Մեր տուն հյուր էին գալիս Առնո Բաբաջանյանը, Լուսինե Զաքարյանը՝ ամուսնու՝ Խորեն Պալյանի հետ, գրող Գեւորգ Էմինը, գրեթե բոլոր հայտնի ճարտարապետները։ Շաբաթ օրերին պապս բռնում էր ձեռքս, եւ մենք գնում էինք Մատենադարան (որի շենքի հեղինակն էր), այցելում էինք Մարտիրոս Սարյանին, երբեմն ճանապարհին մտնում էինք քանդակագործ ու նկարիչ Երվանդ Քոչարի մոտ...

Ես նրանց չէի ընկալում որպես այն ժամանակի հայ մտավորականության վերնախավ։ Ինձ համար նրանք պարզապես «Առնո քեռին» կամ «Լուսինե մորաքույրն» էին։ Ծանոթացնելով նրանց հետ՝ պապս աստիճանաբար դաստիարակում ու ձեւավորում էր ինձ որպես հայ։ Գիտակցո՞ւմ էի դա։ Իհարկե՝ ոչ։

Մաթեմատիկայում մի այսպիսի հասկացություն կա. բազմությունը հնարավոր չէ նկարագրել հենց այդ բազմության միջոցներով։ Այլ կերպ ասած՝ պետք է դուրս գալ բազմության սահմաններից, նայել դրան կողքից, եւ միայն այդժամ կարելի է մտածել քիչ թե շատ համարժեք նկարագրության մասին։ Այսինքն՝ ապրելով Հայաստանում, հայերի շրջապատում եւ մտածելով միայն հայկական կատեգորիաներով՝ ես չէի կարող հասկանալ ու գնահատել իմ հայ լինելը։ 

Իհարկե, ես դրա մասին պատկերացում չունեի, երբ 20 տարեկան դարձա։ Ինձ պարզապես հետաքրքրեց՝ ի՞նչ է նշանակում հայ լինելը, ո՞վ եմ ես, ինչո՞ւ եմ հենց այսպիսինը, որտե՞ղ են արմատներս եւ ո՞ւր եմ գնում կյանքի այս ճանապարհով։

Հետեւանքը եղավ լուրջ հետաքրքրությունս միջնադարյան գրական մանրանկարչության հանդեպ։ Թեեւ ռուսական բանասիրական ֆակուլտետի ուսանող էի, սկսեցի տարվել հայ արվեստի պատմության մասին գրքերով։ Դրանք նախ կարդում էի տանը, հետո՝ Մատենադարանում, իսկ հետո սկսեցի շրջել Հայաստանով մեկ, որպեսզի սեփական աչքերով տեսնեմ հռչակավոր վանական համալիրները եւ վայելեմ դրանց ճարտարապետական կատարելությունը։ Ի դեպ, նման ճամփորդություն-ուխտագնացությունները բավականին տարածված էին իմ սերնդի երիտասարդների շրջանում։

Բայց պետք է հասկանալ ու հիշել՝ այդ ամենը Խորհրդային Միությունում էր։ Իսկ այդ երկիրն այնպես էր կառուցված, որ թելադրում էր մեզ՝ ինչպես ապրել եւ ինչի մասին մտածել (ու ինչպես «ճիշտ» մտածել), ինչպես հագնվել ու ինչ ուտել, ինչ ֆիլմեր դիտել եւ՝ տարբեր ոլորտների խորհրդային սերժանտների սիրած արտահայտությունը՝ ինչպես սիրել Հայրենիքը։

Սակայն ոչ բոլորն էին «Հայրենիքը սիրում» այնպես, ինչպես պահանջում էին սերժանտները։ Ծնողներիս սերնդի գեղարվեստական եւ գրական վերնախավը, փայփայված լինելով խորհրդային իշխանության կողմից, գրական ու արվեստի գործերում փնտրում էր հայկականը՝ հաճախ հատելով ազգայինի եւ ազգայնականի միջեւ նուրբ ու հազիվ նկատելի սահմանը։ 

Նրանք ինչ-որ կերպ զգում էին՝ որտեղ է դա թույլատրելի, իսկ որտեղ՝ ոչ։ Այդ բնազդը թույլ էր տալիս նրանց մի քիչ ըմբոստություն դրսեւորել՝ միաժամանակ մնալով միանգամայն սոցիալիստական գրողներ, բանաստեղծներ, նկարիչներ ու դերասաններ։ Հայկական խորհրդային պաշտոնական վերնախավը նրանց սիրում էր, պարգեւատրում. նրանք դառնում էին դափնեկիրներ ու պատգամավորներ, շքանշանակիրներ ու ակադեմիկոսներ։

Ղարաբաղյան շարժումը. Առաջին ղարաբաղյան պատերազմը

Իսկ հետո եկավ 1988 թվականը։ Այն ընդունված է ազգային զարթոնքի տարի անվանել։ Եվ այդ զարթոնքը կապվում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի՝ Ադրբեջանից անջատվելու եւ Հայաստանին միանալու շարժման հետ։ Շարժման (այն ժամանակ դրա մասին խոսում եւ գրում էին մեծատառով) ալիքի վրա սկսվեցին «ակունքների» որոնումները։ Եվ դրանք, իհարկե, գտնում էին նաեւ այնտեղ, որտեղ դրանք երբեք չէին եղել։ Բայց դա, միեւնույն է, աշխատում էր հայերի նոր՝ հետխորհրդային ազգային ինքնագիտակցության ստեղծման ու ամրապնդման օգտին։

Հանրապետությունը, որտեղ բոլորը պետք է կոմունիստական ձեւով մտածեին, շատ արագ դարձավ մի երկիր, որտեղ բոլորը պետք է ազգայնական լինեին։ Նման պայմաններում առողջ դատողությունը պահպանելը հեշտ չէր։ Նրանց, ովքեր գնում էին (կամ փորձում էին գնալ) հոսանքին հակառակ, պիտակավորում էին։ Ես արդեն այդ ժամանակ սկսում էի ինքնուրույն մտածել, սակայն մտքերս դեռ չէին հասունացել, ես դեռ չէի կարող դրանք գրավոր արտահայտել։ Հավանաբար, պետք էլ չէր։ Դեռ ժամանակը չէր...

Թերևս, հենց այդ ժամանակ սկսեցի հասկանալ՝ փոխվել է իմ հայ լինելը նկարագրելու լեզուն։ Եթե նախկինում այն սահմանվում էր Խորհրդային Միությամբ, ապա այժմ՝ իմ վերաբերմունքով Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։

Այդ ժամանակ, ինչպես եւ ԽՍՀՄ տարիներին, Թուրքիան մեզ համար պարզապես գոյություն չուներ, թեեւ շատ երեւանցիներ ամեն օր իրենց պատուհաններից կարող էին տեսնել Թուրքիայի տարածքի մի կտորը։ Ընդ որում՝ ոչ թե պարզապես մի կտոր, այլ Արարատ լեռը, որը ապշեցուցիչ գեղեցիկ է երեւում հենց Երեւանից։ Ողջ կյանքիս ընթացքում Արարատով զմայլվելն ինձ առանձնահատուկ խաղաղեցնող եւ գեղագիտական հաճույք է պատճառել։ Արարատը եղել եւ մնում է իմ էության, իմ մարդկային ու հայկական տեսակի մի մասը։ Բայց ո՛չ ես, ո՛չ էլ իմ շատ հասակակիցներ պարզապես չգիտեինք, թե ինչ երկիր է Թուրքիան, չգիտեինք նրա պատմությունը, չէինք պատկերացնում, թե ինչով են ապրում այդ երկրի քաղաքացիները։

Պարզ էր մի բան. Թուրքիան թշնամի է։ ՆԱՏՕ-ի անդամ երկիր, երկիր, որն իրագործել է Հայոց ցեղասպանությունը եւ դրա համար ոչ մի, անգամ մի փոքր զղջում չի արտահայտել։ Երկիր, որը չի հարձակվում Հայաստանի վրա միայն այն պատճառով, որ մեր մեջքին կանգնած է անհաղթ խորհրդային բանակը՝ Մոսկվայի հերոսական գեներալների առաջնորդությամբ։

Միեւնույն ժամանակ, շատ երեւանցիներ իրենց հեռուստացույցների վրա հատուկ ալեհավաքներ էին տեղադրում՝ թուրքական հեռուստաալիքները դիտելու համար։ Ճիշտ է, ֆուտբոլից բացի այնտեղ նայելու բան չկար, քանի որ թուրքերեն չէինք հասկանում։ Բայց անգամ այդ ֆուտբոլը, որ հազիվ էր երեւում էկրանին, մեզ արեւմտյան, ազատ կյանքի պատրանք էր հաղորդում։ Այսինքն՝ Թուրքիան մեր կողմից ընկալվում էր նաեւ որպես Արեւմտյան աշխարհի մի մաս։ Եվ չնայած դրան՝ Թուրքիան մեզ համար մնում եր արեւելյան պետություն. ասիական ավանդույթների ու մուղամների երկիր, որը սպասում էր ցանկացած հային ոչնչացնելու առիթին։

Պետք է ասեմ, որ Շարժումն ու զարթոնքը չփոխեցին իմ հայկական ինքնաընկալումը։ Այդ տարիներին ես երիտասարդ հայրենասերներից մեկն էի։ Բայց ես հայրենասերներ էի նաեւ դրանից առաջ։

Սակայն երբ սկսվեց պատերազմը, ես սկսեցի ինքս ինձ հարցեր տալ։ Եվ բավականին արագ հասկացա, որ սկզբունքորեն դեմ եմ պատերազմին։ Պատերազմում յուրաքանչյուր մահ ողբերգական է զոհվածների ընտանիքների համար՝ անկախ նրանից, թե որ կողմից են նրանք կռվում։ Պատերազմի տարիներին մտքումս անընդհատ կրկնում էի Ռեյ Բրեդբերիի խոսքերը. «Պատերազմում ընդհանրապես չեն հաղթում, Չառլի։ Բոլորը միայն պարտվում են, եւ ով վերջինն է պարտվում, նա էլ խաղաղություն է խնդրում»։

Ես պետք է համատեղեի իմ հայ լինելը խաղաղասիրության հետ, եւ հայրիկիս հետ Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին ուղղված կոչով հանդես եկանք՝ 1992 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ զինադադար կնքելու մասին։ Իսկ հետո երկու երկրների մտավորականությանը կոչ արեցինք ճնշում գործադրել ղեկավարների վրա, որպեսզի նրանք հնարավորինս արագ խաղաղություն կնքեն։ Սակայն խաղաղության համաձայնագիրը ստորագրված չէ մինչ օրս։

Սփյուռքում

2003 թվականին, իմ դեմ իրականացված մահափորձից հետո, ես տեղափոխվեցի Լոնդոն եւ սկսեցի աշխատել BBC-ում։ Կարճ ժամանակ անց հասկացա, որ իմ հայ լինելը որոշակի խարան է դարձել։ Ազգանունիս վերջի երեք տառերը՝ «յան»-ը, շատ բան էին որոշում ղեկավարության վերաբերմունքում։ Եթե Հայաստանը ռուսամետ երկիր է, ուրեմն ես էլ ղեկավարության աչքում ռուսամետ էի։ Հայաստանն Ադրբեջանի հետ հակամարտության մեջ էր, ուրեմն ես էլ էի հակամարտության մեջ։ Հայաստանը Ցեղասպանության ճանաչման պաշտոնական քաղաքականություն էր վարում, ուրեմն ես էլ ծպտյալ սատարում էի պետության քաղաքականությանը։

Այս կարծրատիպերն անկախ մարդ լինելու եւ անկախ մտածելու հնարավորություն գրեթե չէին թողնում։ Ես պետք է հրաժարվեի իմ անցյալից, իմ մշակութային եւ էթնիկ պատկանելությունից, անդադար ապացուցեի իմ հավատարմությունը... ո՞ւմ։ Եվ ինչո՞ւ ես պետք է դա անեի։

Իհարկե, դա անհեթեթ էր ու անիմաստ։ Մի անգամ Ռուսական ծառայության կայքի համար հոդվածներիցս մեկում գրել էի հետեւյալ նախադասությունը. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ասում է...», հետո էլ մեջբերումն էր։ Ինձ կանչեցին Ռուսական ծառայության ղեկավարներից մեկի մոտ. «Դուք պետք է հոդվածում ավելացնեք մեկ նախադասություն այն մասին, որ Թուրքիան չի ճանաչում 20-րդ դարի սկզբի իրադարձությունները որպես ցեղասպանություն»։ Եվ ոչ մի փաստարկ այն մասին, որ աիդ նախադասությունը ցեղասպանության ճանաչման մասին չէր, դա պարզապես կազմակերպության պաշտոնական անվանումն է, չէին աշխատում։

Գնացի BBC-ի թուրքական ծառայություն եւ հարցրի, թե իրենք ինչ են անում նման դեպքերում։ Պատասխանն էր՝ «Ոչինչ»։ Այսինքն՝ ստացվում էր, որ պահանջն ուղղված էր անձամբ ինձ, որ դա կարծես «կանոն էր Մարկ Գրիգորյանի համար»։ Ես չփոխեցի հոդվածը։ Տեքստը խմբագրեց մեկ ուրիշը։

Ստացվում էր, որ իմ հայ լինելը խնդիր էր դառնում։ Եվ ես կա՛մ պետք է այն տանը կողպեի, կա՛մ թողնեի աշխատանքը, որը սիրում էի։ Այսինքն՝ աշխատանքից դուրս ես կարող էի հայ լինել, իսկ աշխատանքի մեջ պետք է մոռանայի այդ մասին։ Իհարկե, ես հայերեն գրքեր էի կարդում, կիրակի օրերին այցելում էի հայկական եկեղեցի, ակտիվորեն համագործակցում էի Լոնդոնի Հայ հիմնարկի (Armenian Institute) հետ։

Եվ այդ ամենն իմ հայկական ինքնաընկալման միայն մի մասն էր։ Մյուս՝ շատ կարեւոր մասը զարգացավ այն պատճառով, որ ես ժամանակ առ ժամանակ լինում էի Ստամբուլում։ Չորրորդ կամ հինգերորդ այցից հետո հանկարծ հասկացա, որ Ստամբուլն ինձ համար դարձել է միանգամայն հայկական քաղաք։ Այնտեղի ընկերներս հայեր են. ես քայլում էի փողոցներով ու նշմարում հայկական հետք ունեցող շենքերը, այցելում էի հայկական եկեղեցիներ, հայկական թերթերի խմբագրություններ, խոսում էի հայերեն։

Եվ ինչ-որ պահի գիտակցեցի՝ հայ լինելն ավելի լավ հասկանալու համար պետք է առնվազն մեկ անգամ այցելել Թուրքիա՝ Ստամբուլ կամ Արեւմտյան Հայաստան։ Ես եղել եմ երկուսում էլ։ Արդյո՞ք սկսեցի ավելի լավ հասկանալ իմ հայ լինելը։ Անկասկած՝ այո՛։

*   *   *

Հիմա, երբ գրում եմ այս էսսեն, Հայաստանում նախընտրական շրջան է։ Հանրահավաքներում, թերթերում եւ սոցիալական ցանցերում բախվում են ոչ թե պարզապես կուսակցություններն ու նրանց առաջնորդները, որոնք գաղափարական ու քաղաքական տարբերություններ եւ անհամաձայնություններ ունեն։ Բախվում են ազգային ինքնության տարբեր տեսակներ։ Դրանցից մեկը հաղթելու է եւ կառուցելու է իր գաղափարական մոդելը։ Նո՞րը, թե՞ հինը։ Կխոսենք հուլիսին։

Իսկ առայժմ եկեք պարզապես փաստենք, որ այս փոթորկի մեջ հեշտ չէ պահպանել սթափ միտքը, առողջ բանականությունն ու ներքին անկախությունը։

Թեեւ դա միշտ էր դժվար է։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса