Պայքարելու եմ ոսկու համար. ըմբիշ Վազգեն Թևանյանը՝ «Փարիզ-2024»-ին ընդառաջ
Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:
Վազգեն Թևանյան
Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը Փարիզ-2024-ի ուղեգիրը նվաճել է՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալը նվաճելով: Թևանյանը կարիերայում երկրորդ անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:
– Վազգե՛ն, Փարիզ-2024-ի ուղեգիրը նվաճեցիք անցած աշնանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալը նվաճելու շնորհիվ: Ի՞նչ զգացողություններ ունեիք:
– Անկեղծ ասած՝ միայն ուրախ էի, որ Օլիմպիական խաղերի ուղեգիր եմ նվաճել: Վստահ էի, որ կարող էի ավելի լավ արդյունք գրանցել աշխարհի առաջնությունում: Այդ իսկ պատճառով ուրախությունս ոչ այնքան լիարժեք էր:
– Այս ընթացքում ի՞նչ նախապատրաստություն եք անցել ու հիմա որքանո՞վ եք պատրաստ խաղերին:
– Ուսումնամարզական շատ հավաքներ ենք անցկացրել, նաև մրցաշարի ենք մասնակցել Զագրեբում: Հիմա բավական լավ մարզավիճակում եմ գտնվում, մարզումներն աստիճանաբար ավելացնում ենք և լավ տրամադրությամբ նախապատրաստվում Օլիմպիական խաղերին: Նպատակս միայն մեկն է՝ չեմպիոնություն:
– Սա Ձեր երկրորդ Օլիմպիական խաղերն է: Տոկիոյի խաղերում զիջեցիք առաջին իսկ գոտեմարտից: Ինչը՞ չստացվեց Տոկիոյում և ինչի՞ վրա եք աշխատել այս ընթացքում:
– Տոկիոյի խաղերից առաջ լիարժեք նախապատրաստություն չկարողացանք անցել: Ժամային գոտին էլ խանգարեց. մրցավայր էինք հասել մրցումներից 2-3 օր առաջ և չհասցրինք լիարժեք հարմարվել, ինչը բարդացրեց մեր գործը: Երեք տարի է անցել: Այս ընթացքում ավելի շատ մրցաշարերի եմ մասնակցել և ավելի փորձառու եմ դարձել: Կուտակածս փորձը կաշխատեմ նպատակային օգտագործել ու լավագույնս հանդես գալ Փարիզում:
– Իսկ ո՞րը կլինի այն նվազագույն արդյունքը, որը գոհացնող կհամարեք Փարիզի խաղերում:
– Կարծում եմ՝ մրցման գնալիս պետք չէ մտածել նվազագույնի մասին: Եթե մտածում ես միայն ոսկու մասին, հնարավոր է՝ գրավես երրորդ կամ հինգերորդ տեղը: Եթե մտածես նվազագույն՝ բրոնզի մասին ու դա բավարար համարես, հնարավոր է՝ առաջին իսկ գոտեմարտից պարտվես: Կարծում եմ՝ միշտ պետք է ձգտել առավելագույնի: Ես պայքարելու եմ ոսկու համար: Մասնակցում եմ Օլիմպիական խաղերին, սա նշանակում է՝ արդեն իսկ իրատեսական են նաև մեդալային հույսերը: Հետևում լավ աշխատանք ունենք, լավ մարզումներ, ինչը չեմպիոնական հույսեր և վստահություն է տալիս:
– Ձեր քաշային կարգում գրեթե բոլոր մրցակիցներին ճանաչում եք: Ինչպիսի՞ մրցակցություն եք ակնկալում:
– Այո, բոլորին ճանաչում եմ: Կարծում եմ՝ անզիջում պայքար է լինելու: Բոլորն էլ գոտեմարտելու են հաղթանակի համար: Սա Օլիմպիական խաղեր է. բոլորը ձգտելու են օգտագործել իրենց շանսն ու պայքարել մեդալների համար:
Բլից հարցեր
– Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:
– Բոլոր հայ լեգենդար մարզիկների հետ արդեն մեկ օր անցկացրել եմ:
– Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:
-Անձնական մարզչիս խորհուրդը կհիշեմ՝ «Պետք է միշտ պայքարել, մինչև վերջին վայրկյանը»:
– Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:
-Ընտանիքը:
– Ձեր կյանքի կանոնները:
– Սիրել ընտանիքը և սիրել Աստծուն:
– Ինչի՞ց եք վախենում:
– Վախեր չունեմ:
– Ինչի՞ն կամ ո՞ւմ եք հավատում:
– Աստծուն:
– Ի՞նչ վերնագիր կունենար Ձեր մասին գիրքը:
– Չեմ մտածել այդ մասին:
The post Պայքարելու եմ ոսկու համար. ըմբիշ Վազգեն Թևանյանը՝ «Փարիզ-2024»-ին ընդառաջ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.