Աջակցություն սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ դիմակայուն համայնքներ ունենալու հեռանկարով
«Դժվարություններ շատ կային, բայց փախչելու հատկություն չկա մեջս. մտածեցի՝ ինչ անել, որ համ գյուղին պետք գա, համ էլ մեզ, որ շարունակենք մնալ ու աշխատել։ Ես հասկանում էի, որ ստեղծված ծանր իրավիճակում գյուղում փուռ բացելը եւ բնակիչներին տաք հաց հասցնելը ռազմավարական նշանակություն կունենա նաև մոտակա գյուղերի համար։ Գաղափարս սիրով ընդունեցին ընտանիքիս բոլոր անդամները, իսկ տղայիս առաջարկով փուռն անվանեցինք «Մայրիկ»՝ ի պատիվ իմ ներդրած ջանքերի ու ապրումների»,- պատմում է հինգ երեխաների մայր Աիդա Գրիգորյանը։
Աիդան մեկն է այն սյունեցիներից, որոնց աջակցել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում եւ տնտեսական վերականգնում» (REBCA) ծրագիրը, որը իրականացվում է Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության (ՇԶՀԳ - Swiss Agency for Development and Cooperation SDC) աջակցությամբ։ Այս ծրագրով՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը նպաստել է «Մայրիկի» հիմնադրմանը եւ ձեռնարկության զարգացմանը՝ աջակցելով փռի կահավորման և արևային պանելների տեղադրման հարցում։ Արդյունքում «Մայրիկը» հնարավորություն է ստացել էլեկտրաէներգիայի գումար խնայել և լրացուցիչ եկամուտ ապահովել։
REBCA ծրագրի նպատակն է աջակցել այն բնակիչներին, որոնք տուժել են 2022 թվականի սեպտեմբերի ռազմական բախումների հետեւանքով Վարդենիս, Ջերմուկ և Սիսիան համայնքներում։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, Վոլրդ Վիժն Հայաստանի եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի եւ «Մանկական զարգացման հիմնադրամի» հետ համատեղ այս նախագիծն իրականացվել է «Nexus» մոտեցմամբ, որը ենթադրում է մարդասիրական կարճաժամկետ արձագանքի եւ տնտեսական վերականգնմանն ուղղված գործողությունների համատեղում։ Այսինքն՝ սկզբում մարդկանց օգնում են արագ դուրս գալ ծանր իրավիճակից, հետո՝ աջակցում ձեռք բերել սոցիալ-տնտեսական կայունություն։
«REBCA ծրագրի նպատակն է պաշտպանել և վերականգնել Հայաստանի տարածքում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց ապրուստը: Միևնույն ժամանակ, այն պետք է տնտեսական աջակցություն ցուցաբերի երկարաժամկետ տնտեսական վերականգնման և աճի համար։ Այսպիսով, այն կբարելավի ապագա ճգնաժամային իրավիճակների նկատմամբ կայունությունը»,- ասել է Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին։
Որոտանի փուռը, սահմանամերձ երեք գյուղերն ու կենսական նշանակությամբ աջակցությունը
«44-օրյա պատերազմից հետո, երբ Որոտան-Գորիս ճանապարհը փակվեց, Որոտան, Բարձրավան, Շուռնուխ գյուղերի ամենօրյա հացն ապահովելն անգամ խնդիր էր։ Այլընտրանքային ճանապարհով հացը գյուղեր էր հասնում ԱԻՆ-ի 911 ծառայության մեքենայով՝ երբեմն դժվարությամբ, սառած, հնացած»,- պատմում է Աիդան։
Ծննդով Խոտ գյուղից, Գորիսում ամուսնացած Աիդայի ընտանիքը Որոտան գյուղում հողամաս ուներ․ ժամանակին ամուսնու ծնողները տարբեր բանջարաբոստանային կուլտուրաներ էին ցանում, գինի, օղի թորում, իսկ 1993 թվականից հենց իրենց հողամասում սեփական բիզնես են հիմնադրել։ «Սանասար» ռեստորանի հյուրերը Հայաստանի տարբեր վայրերից էին, որոնք հատուկ գալիս էին թոնրում պատրաստված ղափաման, փախլավան, խորովածն ու խաշլաման համտեսելու, իրենց այգու թթի օղին, գինին, մրգերով պատրաստված կոմպոտները խմելու։ Այս ամենն էլի կա, բայց հաճախորդների քանական այնքան չէ, որքան նախկինում էր․ ճանապարհի փակվելու հետ բիզնեսն էլ է թուլացել։
«Ես գիտակցում էի, որ մեզ անհրաժեշտ է մի այնպիսի նոր բիզնեսի ճյուղ զարգացնել, որը գյուղի բնակչին իր հողում կպահի։ Հացի խնդիրն առաջնային էր այդ իրավիճակում, որն էլ միտք առաջացրեց զբաղվել նրանով, ինչը սիրել եմ դեռ մանկուց․ աշխատել խմորի հետ»,- պատմում է «Մայրիկ» փռի հիմնադիրը։
Նրա խոսքով՝ բիզնեսի տեսանկյունից շահութաբեր չի, քանի որ օրական ընդամենը երկու պարկ ալյուր է սպառում, բայց գոհ է այն փաստից, որ կարողանում է չորս՝ Որոտան, Բարձրավան, Շուռնուխ, Խոտ գյուղերի մոտ 150 տնտեսության ամեն օր տաք հաց մատակարարել։
Ներկայում փռում տեղացի չորս կին է աշխատում Աիդայի հետ։ Վերջինս հիմնականում թխվածքներն է թխում, մյուսները՝ հացն ու լավաշը, իսկ գյուղեր հասցնում է ամուսինը՝ Անդրանիկը, ով տնետուն շրջում եւ յուրաքանչյուրին տալիս է իրենց անհրաժեշտ քանակով հացն ու խմորեղենը։ «Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերում խանութ չկա, դրա համար պետք է մեկ-մեկ բոլորին հասցնես հացը, եւ քանի որ էդ տեղափոխությունն էլ իր դժվարություններն ուներ, Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ մեզ տրամադրվել է «Ուազ» մակնիշի ավտոմեքենա»,- ասում է «Մայրիկի» հիմնադիրը եւ ավելացնում,- «մենք սրան ոչ թե որպես բիզնես ենք նայում, այլ գյուղերը պահելու մի ձեւ»։
Նշված գյուղերում բնակիչները հիմնականում անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ էին զբաղվում, սակայն 44-օրյա պատերազմից հետո՝ հողատարածքների կորուստի հետեւանքով մարդիկ վաճառել են իրենց անասունները եւ մնացել պետության կողմից տրամադրվող նպաստի, թոշակի կամ միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող օգնությունների հույսին։
«Դա նաեւ մեր աշխատանքին է ազդում․ մարդիկ հացը պարտքով են տանում, մինչեւ թոշակ, նպաստ ստանալը։ Տուն կա՝ 7 երեխա ունի եւ օրական 7-8 հաց է տանում, ոնց էդ երեխեքին առանց հաց թողնես»,- ասում է Աիդան։
REBCA ծրագիրը մեկնարկել էր 2022 թվականի նոյեմբերին՝ մեկ տարով, սակայն 2023 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության տեղահանումից հետո Շվեյցարական զարգացման գործակալությունը երկարաձգել է այն եւս ութ ամսով՝ նրանց համար տարբեր բաղադրիչներ ավելացնելով։
Ծրագիրն առաջ է շարժվել երեք հիմնական բաղադրիչով․ համայնքներում հատուկ չափորոշիչներով սննդի աջակցության քարտեր են տրամադրվել՝ տեղացիներին՝ երկու ամիս եւ տեղահանված ընտանիքներին՝ երեք ամիս։
Այս ընտանիքների համար նաեւ կազմակերպվել են սոցիալ-հոգեբանական աջակցության տարատեսակ միջոցառումներ, օրինակ՝ երեխաների հետ հատուկ մեթոդաբանությամբ հանդիպումների կազմակերպում, ծնողների հետ դրական ծնողավարում եւ այլն։
Թիրախ համայնքներում Վորլդ Վիժն Հայաստանը կառուցել է նաեւ պարզ թաքստոցներ եւ համայնքապետարանների հետ համատեղ մշակել համայնքի սոցիալական պլանները, որի արդյունքում դուրս բերված մի քանի սոցիալական ծրագրեր համաֆինանսավորել են։ Օրինակ` Սիսիանի Շաքի բնակավայրի նախակրթարանն ապահովվել է ջեռուցմամբ եւ նոր խոհանոցային գույքով
Կարողությունների զարգացումից մինչեւ միջոցների տրամադրում՝ հանուն տնտեսական կայունության
Ընտանիքների տնտեսական կայունության ապահովման համար «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն թիրախ համայնքներում աշխատել է այն մարդկանց հետ, որոնք վերջին մեկ տարում անասուն են ունեցել եւ զբաղվածության ու եկամտի հիմնական աղբյուրը անասնապահությունն է։
«Այս ծրագրի շնորհիվ վերջին ութ տարվա մեջ առաջին անգամ մեր դաշտերից 1,5 հա-ը կորնգան եւ գարի ենք ցանել։ Մոտ տասը հա խոտհարք ունեինք, բայց ֆինանսի պատճառով մնում էր անմշակ»,- պատմում է ծրագրի շահառու, Սիսիան համայնքի Սառնակունք գյուղի բնակիչ Քրիստինե Մնացականյանը։
Երեք-չորս տարի առաջ Քրիստինեի ընտանիքի եկամտի աղբյուրը անասնապահությունն ու գյուղատնտեսությունն էր․ տասնչորս կով ու հորթ ունեին, բայց ֆինանսական ծանր կացության մեջ հայտնվելով՝ ստիպված են եղել վաճառել։
«Քանի որ կերի հարցը լուծված է, շատ ցանկություն ունենք նորից գոնե մի կով ունենալու»,- ասում է Քրիստինեն, ով մեծ որդու հետ ուրիշի անասուններն է պահում։
Բազմամյա կերաբույսերի բերքից շահառուները հինգ տարի կօգտվեն․ քանի որ կորնգան առաջին տարին բերք չի տալիս եւ որպեսզի մարդիկ հողից հենց առաջին տարին արդյունք ստանան, զոգահեռ գարի են ցանում։
Քրիստինեի ամուսինը՝ Ենոք Աբրահամյանը, կարեւորում է կազմակերպած վերապատրաստումները․ «Նախքան համապատասխան աջակցություն ստանալը՝ նաեւ ճիշտ օգտագործման, վարվելաձեւի վերաբերյալ գիտելիքներ ենք ստացել, ինչը մեզ կօգնի նաեւ հետագայում»։
Նա նշում է, որ վերապատրաստումները եղել են կենդանիների խնամելու, բազմամյա մշակաբույսերի մշակման տեխնոլոգիաների, կլիմայական պայմանների փոփոխությունից ելնելով՝ կենդանիների համար կեր կուտակելու թեմաներով։ Դասընթացներից հետո արդեն տրամադրել են սերմն ու դիզվառելիքը։
Ենոքի նման եւս 210 գյուղատնտես վերապատրաստվել է, եւ մոտ 180-ը ստացել են տարբեր աջակցություններ՝ գյուղատնտեսական պարագաների, սերմնացուի, անասունների նոր ցեղատեսակների տեսքով։ Ենոքի հինգ հոգուց բաղկացած ընտանիքը երկու ամիս ստացել է նաեւ սնունդ ձեռք բերելու քարտ։
«Այս նախագիծը, որին աջակցում է Շվեյցարիայի կառավարությունը եւ Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալությունը, ցույց է տալիս Հայաստանում խոցելի մարդկանց կյանքը փոխելու գործում ռազմավարական գործընկերության ուժը: Մեր նպատակն էր օգնել Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի առավել տուժած համայնքներին վերականգնվել 2022 թվականի սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո եւ ստեղծել երկարաժամկետ տնտեսական կայունություն։ Հասցեագրելով հրատապ մարդասիրական կարիքները եւ խթանելով երկարաժամկետ կայունությունը՝ մենք նպատակ ունեինք աջակցել համայնքներին՝ հաղթահարելու ներկա եւ ապագա մարտահրավերները: Մեր գործընկերների կենսական աջակցության շնորհիվ նշանակալի արդյունքներ ձեռք բերվեցին:
Տնտեսական, հոգեբանական եւ սոցիալական աջակցության, ինչպես նաեւ սննդի քարտերի միջոցով սահմանամերձ այս համայնքների կենսունակությունը էականորեն բարձրացել է: Այս նախաձեռնության շնորհիվ ստեղծվեցին աշխատատեղեր, ազատականացվեցին եկամուտները եւ բարելավվեց պարենային անվտանգությունը, ինչը ցույց տվեց մեր ռազմավարությունների արդյունավետությունը եւ գենդերային դինամիկայի կարեւորությունը մեր ջանքերում»,- ասում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ եւ տնօրեն Նաննա Սկաուն:
Ծրագրի շրջանակում կառուցվել են նաեւ գյուղատնտեսական հինգ ենթակառուցվածք՝ հովվի կացարաններ եւ ջրամխոցներ, մշակվել են համայնքների գյուղատնտեսական գնահատման պլանները, որը հնարավորություն է կտա քարտեզագրելու համայնքի ռեսուրսներն ու կարողությունները եւ ճիշտ պլանավորում իրականացնելու համայնքների զարգացման տեսանկյունից։
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:
***
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Մեդիամաքսը եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Անահիտ Բաղդասարյան
Լուսանկարները՝ հեղինակի