Պարո՛ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
Այս վերջերս հարցում էի ուղարկել Առողջապահության նախարարություն՝ խնդրելով ինձ տրամադրել Երևանում գտնվող բժշկական կենտրոնների տնօրենների 2023թ-ին ստացած պարգևավճարների ու հավելավճարների հետ կապված ինֆորմացիա ու շատ զարմացա պատասխանից։ Այս մասին ԱԺ-ում, դիմելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ասաց իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Պարզվեց, որ 100 տոկոս պետական մասնաբաժնով ԲԿ-ների տնօրենների պարգևավճարն ու հավելավճարը հանդիսանում են անձնական տվյալների գաղտնիության մասին օրենքով պաշտպանված տվյալ։ Դրան զուգահեռ պարզվեց, որ պետական մասնաբաժնով բժշկական հաստատությունների տնօրենները չեն ուզում պատգամավորին տրամադրել նման տեղեկատվություն։ Որպեսզի ճիշտ հասկանաք, ես ծանոթացել եմ մեր պետության Զինված ուժերի կիրառման պլանին, բայց պարգևավճարների մասին ինֆորմացիան պատգամավորին անհասանելի է»,- ասաց Ալեքսանյանը։
Վերջինս նշեց, որ պատրաստվում է դիմել Պետաիրավաան հանձնաժողովի գործընկերներին, որպեսզի մշակվի օրենսդրական նախաձենություն, որով 100 տոկոս պետական մասնաբաժնով ԲԿ-ների տնօրենները դառնան հայտարարատու անձինք։
«Նորմալ չէ, երբ 5 մլրդ բյուջե կառավարող մարդը հրաժարվում է որոշակի թափանցիկություն տրամադրել, այս ուղղությամբ պետք է աշխատանք տանենք։ ԱԺ-ն բյուջե է հաստատում, հիմա նորից գալու եք, բյուջե եք ուզելու, իսկ ինչու պետք է այս մարդիկ կողմ քվեարկեն, եթե չգիտեն՝ ուր է գնում այդ բյուջեն»,- ավելացրեց պատգամավորը։
Արձագանքելով պատգամավորի դիտարկմանը՝ Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Պարո՛ն Ալեքսանյան, տարբեր տիպի գաղտնիքներ տարբեր օրենքներով են կարգավորվում, ու եթե մի պաշտոնատար անձ ունի հասանելիություն մի տիպի գաղտնիքի, դա չի նշանակում, որ նա հասանելիություն ունի բոլոր տեսակի գաղտնի ինֆորմացիայի։ Այո՛, Դուք կարող եք հասանելիություն ունենալ ռազմական տիպի հույժ գաղնի ինֆորմացիայի, բայց չեք կարող հասանելիություն ունենալ իմ բժշկական տվյալների մասով։ Հայտարարագրման մասով պետությունը որոշակի փոփոխություններ ունի ու շուտով բոլոր այն անձինք, որոնք ենթակա են հայտարարգրման, կհայտարարգրեն ու օրենքի ուժով դուք հասանելիություն կունենաք նաև այս ինֆորմացիային»։