Հայաստան-Սփյուռք համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովը սկսել է իր աշխատանքները
Աշխարհի 15 երկրներից շուրջ 100 պատվիրակ է ժամանել Հայաստան՝ մասնակցելու Հայաստան-Սփյուռք համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովին և արտերկրում հայկական կրթօջախներում առկա խնդիրները քննարկելու համար:
Համահայկական կրթական խորհրդաժողովն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, որին մասնակցում են Սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների ներկայացուցիչներ, հայագետներ, համայնքների ներկայացուցիչներ, կրթօջախների հոգաբարձուների խորհրդի անդամներ, տնօրեններ, ուսուցիչներ:
Սփյուռքից ժամանած ներկայացուցիչների խորհրդաժողովն կանցկացվի 2024 թվականի օգոստոսի 5-9-ն՝ Աղվերանում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով․ «Սա շատ լուրջ ու կարևոր հարթակ է սփյուռքի կրթական գործընթացի կազմակերպիչների հետ երկխոսության մեջ մտնելու և նրանց միմյանց հետ կապելու տեսակետից: Այս համաժողովը գործող մարտահրավերներին և ծագող խնդիրներին լուծում տալու, հասցեագրելու լավագույն եղանակն է:
Այս տարվա կարևոր շեշտադրումներից մեկն այն է, որ մենք գտնվում ենք կրթական լայնածավալ բարեփոխումների փուլում, և խնդիր կա, որպեսզի սփյուռքի կրթական ծրագրերը հնարավորինս համադրելի լինեն հանրակրթական պետական չափորոշչին: Երկրորդ՝ մենք միացել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Փոխակերպվող կրթություն 2030» օրակարգին և կարիք կա, որպեսզի սփյուռքում կրթությունը ևս լինի ժամանակի շնչին և Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումներին համահունչ»։
Այս տարվա խորհրդաժողովի լիագումար նիստերում նախատեսված են զեկույցներ «Ակադեմիական քաղաք» նախաձեռնության, Հանրակրթության նոր չափորոշչի և դասագրքերի, ՀՀ պետական լեզվաքաղաքականության, սփյուռքի ուսուցիչների վերապատրաստումների ծրագրերի և այլ խնդիրների վերաբերյալ, տեղեկացրել է Մարտիրոսյանը։
Պատվիրակները կներկայացնեն իրենց համայնքներում կրթության կազմակերպման գործի ներկա վիճակը, ձեռքբերումները, մեթոդական նորարարությունները, հայագիտական կենտրոնների գործունեությունը:
Խորհրդաժողովն կամփոփվի Համահայկական խորհրդաժողովի բանաձևի ընդունմամբ, որը կազմվելու է քննարկումների արդյունքներով: