Մեզ չթույլատրեցին ծանոթանալ խաղաղության պայմանագրին, որովհետև Բաքվում վայնասուն բարձրացավ. Խաչատրյան
Արդարադատության նախարարությունը սահմանազատման գործընթացի վերաբերյալ օգտագործել էր սահմանի վերարտադրություն բառը, հրապարակավ հարցում էի ուղարկել՝ ի՞նչ է նշանակում սահմանի վերարտադրություն պատասխանել էին՝ փակ, գաղտնի նամակով:
Այս մասին ԱԺ նիստում Կառավարության կողմից ներկայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Բովանդակության մասին չեմ ուզում խոսել, բայց այդ հարցը հանրայնացնելը: Ես թերթել եմ օրենսդրությունը չկա այդ բառը, դա գաղտնիքի բացահայտո՞ւմ է, թե՝ չէ, և ինչո՞ւ են ուղարկել փակ նամակով: Կա չափորոշիչ, թե ինչո՞ւ էին մի պարզ հարցի պատասխանում փակ նամակով»- ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանից հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը:
Վերջինս նշեց, որ փոփոխությունները դեռ չեն գործում: «Այսինքն, այս պահին այդ կարգավորումները գոյություն չունեն օբյեկտիվորեն, հետևաբար, ես ենթադրում եմ՝ պատասխան նամակի տեղեկությունները գաղտնիք են ենթադրել, դրա համար գաղտնագրել են», - նշեց ԱԱԾ փոխտնօրենը:
Արթուր Խաչատրյանը նաև նշեց, որ ընդդիմադիր 4 պատգամավոր դիմել էին և ստացել թույլտվություն՝ ծանոթանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն կոչվող պայմանագրի տեքստերին:
«Հետո Ադրբեջանում վայնասուն բարձրացավ, որ ընդդիմադիր ռևանշիստներին թույլ են տալիս ծանոթանալ այդ տեղեկությունների հետ և մեզ արգելվեց՝ ուղղակի չենք ուզում և վերջ: Արդյո՞ք նման դեպքերն ինչ-որ ձևով կանոնակարգվում են, թե՝ ոչ: Ո՞վ իրավունք ունի որոշել: Դա կամայակա՞ն է, այդ օրն ԱԳ նախարարությունում վատ տրամադրություն ունեն, ասում են՝ չեք կարող»,- հարցրեց նա:
Սիմոնյանն էլ արձագանքեց, որ ՀՀ օրենսդրությամբ, ըստ էության, կարգավորվում են այն հարաբերությունները, որոնք թույլ են տալիս անձանց առնչվել պետական գաղտնիք կազմող տեղեկություններին, նաև հնարավորություն կա պետական գաղտնիքի տեղեկությունները տնօրինող կազմակերպությունների, պետական մարմինների կողմից որոշել, թե որ ընթացակարգերով ծանոթանան:
«Մյուս հարցերին չեմ կարող անդրադառնալ, որովհետև շատ հիպոթետիկ էին»,- նշեց նա: