Բայդենը դեմ է, որ Իսրայելը, ի պատասխան հրթիռային հարձակմանը, հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ չի աջակցում իրանական միջուկային օբյեկտների ուղղությամբ Իսրայելի հարվածներին. ԱՄՆ-ն փորձում է մեղմել Իսրայելի պատասխանն Իրանի կողմից երեքշաբթի գիշերն իրականացրած հրթիռային հարձակմանը և զսպել արագորեն սրվող տարածաշրջանային հակամարտությունը: Այս մասին գրում է apnews.com-ը:
«Պատասխանը ոչ է», - ասել է Բայդենը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա կաջակցի Իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտների ուղղությամբ պատասխան հարվածներին:
Բայդենի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում իսրայելցի բարձրաստիճան դիվանագետը նախազգուշացրել է, որ իր երկրի վրեժն իրանական հարձակման համար ավելի ծանր կլինի, քան Թեհրանը «երևէ կարող էր պատկերացնել»:
Նույն օրը Իսրայելի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերզի Հալևին նախազգուշացրել է. «Մենք հնարավորություն ունենք հասնելու և հարվածելու Մերձավոր Արևելքի ցանկացած կետի, մի իրողություն, որը Իսրայելի թշնամիները շուտով կհասկանան»:
Բայց Բայդենի վարչակազմը մտավախություն ունի, որ Իսրայելի լուրջ պատասխանը, հատկապես Իրանի միջուկային օբյեկտները թիրախավորող պատասխանը, կարող է առաջացնել հետագա էսկալացիա, որն ի վերջո կարող է ներգրավել ԱՄՆ-ի ուժերը և կարող է հանգեցնել միջուկային զենք ստեղծելու փորձի Իրանի որոշմանը:
Հավելենք, որ Իրանը կոչ էր արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջամտել՝ դադարեցնելու Իսրայելի ագրեսիան Լիբանանի, Գազայի և Սիրիայի դեմ և կանխելու լայնածավալ պատերազմ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում. այս մասին:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս մեկ անգամ կոչ է անում Անվտանգության խորհրդին շտապ և վճռականորեն միջամտել՝ դադարեցնելու Իսրայելի շարունակական ագրեսիան և պատերազմական հանցագործությունները Լիբանանի, Գազայի և Սիրիայի դեմ և թույլ չտալ, որ իրավիճակը վերածվի լայնածավալ տարածաշրջանային պատերազմի»,- ասել է Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին՝ Անվտանգության խորհրդի նախագահին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում:
Իրանը հոկտեմբերի 1-ի երեկոյան հրթիռակոծել է Իսրայելը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 180 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի հրթիռային զանգվածային հարձակումն իր երկրի վրա որակել է «մեծ սխալ» և ասել, որ «Թեհրանը կվճարի դրա համար»:
«Իրանի ռեժիմը չի հասկանում ինքներս մեզ պաշտպանելու և մեր թշնամիներից վրեժ լուծելու մեր վճռականությունը: Մենք հավատարիմ ենք մնալու մեր սահմանած կանոնին՝ ով հարձակվում է մեզ վրա, մենք հարձակվում ենք նրա վրա»,- ասել է Իսրայելի վարչապետը։
Մինչդեռ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «երբեք չի վարանի պաշտպանել Մերձավոր Արևելքում իր ուժերն ու շահերը, և աջակցել Իսրայելի և տարածաշրջանում իր գործընկերների պաշտպանությանը»: