Որքան ուզում ես ձիթենու ճյուղը դիր բորենու բերանը, նա խաղաղության աղավնի չի դառնա. Արզիկ Մխիթարյանը՝ Ադրբեջանի մասին
Արցախի ազգային-ազատագրական շարժման 30 տարիներն ապացուցեցին, որ մեր խաղաղասիրական քայլերն արդյունք չեն տալիս: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը: Մխիթարյանի խոսքով՝ Ադրբեջանն ավելացրել է իր ագրեսիվ քաղաքականությունը ներքաղաքական խնդիրների արդյունքում և հայտարարելով, թե վերադարձնելու է Երևանը, Զանգեզուրը՝ ուզում է շահել ժողովրդի հարգանքը: Բայց կգա ժամանակը, երբ Ադրբեջանը, ինչպես ասաց պատգամավորը, ստիպված կլինի հաշտվել, որ Արցախը վաղուց ինքնորոշված է, ունի բոլոր պետական բաղադրիչները, կառույցները:
- Արցախը նշում է ազգային-ազատագրական շարժման 30-ամյակը: 1988 թ.-ը բեկումնային էր հայ ժողովրդի պատմության մեջ, որովհետև հայտարարվեց ազատ ապրելու պատրաստակամությունը: Ինչպիսի՞ն էր անցած ճանապարհը, ու ի՞նչ սխալներ թույլ տվեց Արցախը:
- Ինձ համար՝ որպես արցախյան շարժման ակտիվիստներից մեկի, շարժումը սկսվել է դեռևս 1965թ.-ին: Այդ ժամանակ ես ուսանողուհի էի: 80-ականներին մենք ականատես եղանք Ադրբեջանի խիստ ընդգծված հայաթափման քաղաքականությանը և մենք պետք է ունենայինք Նախիջևանի ճակատագիրը, Արցախը պետք է հայաթափվեր: Բնականաբար, այս քաղաքականությանը չէր կարող չլինել պատասխան, Արցախը չէր կարող չհամախմբվել և չէր կարող չսկսվել համազգային ալեկոծության ալիք: Մենք աշխարհին ի ցույց դրեցինք մեր պահանջը, որ Մայր Հայրենիքից բաժան մենք ի վիճակի չենք պահպանել մեր տեսակը, մեր էթնոսի ինքնությունը: Առաջինը հրապարակ դուրս եկավ մանկավարժական բուհը, մեր ուսանողները, մենք՝ դասախոսներս:
Արցախյան շարժման փետրվարյան ամսին մեզ մատուցվեց Սումգայիթ, հետագայում Բաքու, Մարաղա, որը հայերի նկատմամբ Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանության շարունակությունն էր: Ադրբեջանն աշխարհին ուզում էր ցույց տալ իրենց մուսուլմանական սինդրոմը, որի էությունը սպանելու, ավերելու հատկությունն էր, ինչով մեզ ուզում էին վախեցնել: Մեր ժողովուրդն իհարկե չվախեցավ:
Այսօր էլ Ադրբեջանի ղեկավարը հայտարարում է, թե ոչ միայն Արցախն է Ադրբեջանինը, այլև՝ Երևանն ու Զանգեզուրը: Այսպիսով` նրանք ևս մեկ անգամ ուզում են վերհիշել իրենց քաղաքականության բովանդակությունը: Երիտթուրքերը հայտնի խոսք ունեին՝ «Ես արդարությունը պետք է դնեմ սրիս ծայրին, բարոյականությունը մեխեմ ձիուս պայտերին, պետք է ավերեմ, անցնեմ այնպես, որ ասեն՝ այստեղով թուրքն է անցնել»: Նրանք չհասկացան, որ այս կեղտոտ քաղաքականությունը մեզ ավելի միասնական ու համախմբված դարձրեց: Մեր էթնոսին, մեր ազգային տեսակին հասու է այն, որ դժվար պահին մենք միանում, մեկ բռունցք ենք դառնում:
90-ականներին, երբ հայտարարվեց պատերազմ, մեր ժողովուրդն արդեն պատրաստ էր դրան: Մեր երիտասարդները շատ լավ յուրացրել էին ռազմական դոկտրինի այբուբենը, որ մենք պատրաստ ենք հանուն հայրենիքի նահատակվել, ձեռք բերեցինք այն, ինչ ունենք այսօր: Մեր գաղափարական պայքարը երբևէ նահանջ չապրեց, մենք համառորեն գնացինք դեպի մեր ցանկալի ապագան, բայց այս ճանապարհը դեռ չի ավարտվել, մենք դեռ պայքարի մեծ ճանապարհ ունենք անցնելու: Մենք կունենանք միասնական հայրենիք:
- Այս տարիների ընթացքում բազմաթիվ են եղել տեսակետները, որ Ադրբեջանը վաղ թե ուշ համակերպվելու է Ղարաբաղի ներկայիս կարգավիճակի հետ, այնինչ 30 տարիների ընթացքում պաշտոնական Բաքուն ամեն կերպ ցույց է տվել իր անհամաձայնությունը: Դուք մեջբերեցիք Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ ոչ միայն Ղարաբաղը, այլև Երևանը, Զանգեզուրը գրավելու մասին: Արդյոք այն չի՞ վկայում, որ Ադրբեջանը պատրաստ չէ համակերպվել Ղարաբաղի ներկայիս կարգավիճակի հետ:
- Այս 30 տարիներն ապացուցեցին, որ մեր խաղաղասիրական քայլերն արդյունք չեն տալիս: Որքան ուզում ես ձիթենու ճյուղը դիր բորենու բերանը, նա խաղաղության աղավնի չի դառնա: Ամեն դեպքում, կարծում եմ, որ Ադրբեջանն ավելացրել է իր ագրեսիվ քաղաքականությունը ներքաղաքական խնդիրների արդյունքում: Ադրբեջանի իշխանությունն ունի խնդիրներ, առաջիկայում նախատեսված են ընտրություններ, և գուցե այս հանգամանքի հետ կապված հոխորտում են, որ շահեն ժողովրդի հարգանքը, ուզում են ցույց տալ, որ իբրև թե արտահայտում են ժողովրդի կամքը: Կգա ժամանակը, երբ ստիպված կլինեն հաշտվել, որ Արցախը վաղուց ինքնորոշված է, ունի բոլոր պետական բաղադրիչները, կառույցները: Չեմ կարծում, թե կա մեկ ադրբեջանցի, ով դեռ հույս ունի Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում: Նրանք լավ գիտեն, որ դա չի լինի, պարզապես շահարկում են հարցը՝ իրենց դիրքը հաստատելու համար:
- Արդյոք դա կախվա՞ծ է միջազգային հանրության ճնշումներից, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ պետություննե՞րն են, որ կարող են ստիպել Ադրբեջանին հաշտվել այդ մտքի հետ:
- Այո, Մինսկի խմբի համանախագահների խումբը դրա համար գոյություն ունի, նրանք պարտավոր են հաշվի նստել համայն հայության կամքի հետ: Նրանք հենց այնպես չեն նվիրաբերի Արցախը, դա բացառվում է: Նրանց վրա պետք է լինի քաղաքական ճնշում: Ամեն դեպքում Արցախը պատրաստ է ռազմական գործողությունների, եթե Ադրբեջանը գնա այդ ճանապարհով: Ինչպես ընդունված է ասել, դե ֆակտո Արցախը Հայաստանի հետ, բայց միջազգային նորմերով դա օրինականացնելը ժամանակի հարց է:
- Ներկայում տեսնո՞ւմ եք տրամադրվածություն Մինսկի խմբի կողմից՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ համակերպվելու Ղարաբաղի ներկայիս կարգավիճակի հետ:
- Ավելի քան 15 տարի է Մինսկի խումբը անհասցե հայտարարություններ է հնչեցնում, փորձում է լղոզել իրավիճակը, ինչն ընդունելի չէ մեզ համար: Ստատուս քվոն շարունակվում է պաշտպանվել, բայց իրենք պարտավոր են միաժամանակ կատարել պարտավորություններն ու հասցնել հիմնախնդիրը վերջնական լուծման:
- Օրերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը հատկանշական հայտարարություն հնչեցրեց, որ ՄԽ հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ինտենսիվ բանակցություններ սկսել: Ի՞նչ ասել է ինտենսիվ բանակցություններ:
- Բանակցությունների հիմնական բովանդակությունը ներկայում խաղաղ գոյակցության խնդիրն է, ոչ թե հակամարտության վերջնական կարգավորումը: Հույս ունեմ, որ առաջիկայում կմեկնարկեն հակամարտության կարգավորման բանակցություններ:
