Ստեփանակերտում բացվել է «Արցախյան ազգագրություն» թեմայով ցուցահանդեսը
ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ այսօր՝ մայիսի 18-ին, թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, Արցախի Հանրապետության թանգարաններում կազմակերպվում են «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել» խորագրով միջոցառումներ:
Միջոցառումների շրջանակներում Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում բացվել է «Արցախյան ազգագրություն» թեմայով ցուցահանդես և «Արցախի վերահսկողությունից դուրս մնացած թանգարանների և թանգարանային արժեքների անհայտ ճակատագիրը» թեմայով դասախոսություն:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանն ասել է, որ յուրաքանչյուր թանգարան իր ցուցադրությունը ներկայացնում է իր նախասիրություններից և հնարավորություններից ելնելով:
«Այս տարի մենք կազմակերպել ենք «Արցախյան ազգագրություն» թեմայով ցուցահանդես: Արցախահայությունը, հանդիսանալով հայ ժողովրդի անբաժանելի մասնիկը, այս գողտրիկ երկրամասում ստեղծել է ուրույն կացութաձև, որն աչքի է ընկնում իր առանձնահատկություններով. ամենագլխավորն այն է, որ հազարամյա իր գոյության ընթացքում կարողացել է իր էթնիկ նկարագիրը պահպանել անաղարտ: Յուրաքանչյուր ժողովրդի մասին գաղափար կազմելու համար նախ և առաջ պետք է ուսումնասիրել ազգագրությունը՝ ծանոթանալ վարքին, բնավորությանը, սովորույթներին, զբաղվածությանը, բարբառին, տարազին: Այս առումով Արցախն ունի շատ հետաքրքիր առանձնահատկություն»,- մասնավորապես ասել է Ժ. Առստամյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ ցուցահանդեսին ներկայացված բոլոր իրերը վերաբերում են Արցախին, դրանք ժամանակի ընթացքում հավաքագրվել և խնամքով պահվել են թանգարանի ֆոնդապահոցներում:
«Ազգագրական բնույթի միջոցառումները միշտ էլ կարևոր են, որովհետև ցուցահանդեսի միջոցով են փոխանցվում տեղեկությունները և սերունդների ազգային գաղափարախոսության, ճաշակի ձևավորումը»,- նշել է տնօրենը:
Խոսելով Արցախի պետական-պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքի շինաշխատանքների ընթացքի մասին՝ մեր զրուցակիցն ասել է, որ օբյեկտիվ պատճառներով կանգնեցված է գործընթացը, բայց հուսով են, որ մոտ ապագայում կունենան թանգարանի նորակառույց շենք, որտեղ կցուցադրվեն ցուցանմուշները:
Անդրադառնալով Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում կորցրած թանգարաններին՝ Ժ. Առստամյանը տեղեկացրել է, որ ԱՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գործող 12 թանգարաններ, գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, որտեղ պահվել են 20345 ցուցանմուշներ: Նրա խոսքով՝ պատերազմի օրերին Արցախի պետական-պատմաերկրագիտական թանգարանի որոշ ցուցանմուշներ հավաքել և տեղափոխել են ապահով վայր:
Խոսելով պատերազմից հետո զբոսաշրջիկների՝ թանգարաններ այցելելու մասին՝ տնօրենը նշել է. «Այցելությունների հետ կապված լուրջ խնդիրներ ունենք՝ պայմանավորված տարածաշրջանում անկայունության հետ: Մենք զբոսաշրջիկներ ունենք աշխարհի ամենատարբեր վայրերից՝ Եվրոպայից, Ռուսաստանի Դաշնությունից և այլ երկրներից: Վերջին շրջանում թանգարան են այցելում ռուս խաղաղապահ ուժերը, որոնք մեծ հետաքրքրությամբ լսում են, և նրանց թիվը գնալով ավելանում է»:
The post Ստեփանակերտում բացվել է «Արցախյան ազգագրություն» թեմայով ցուցահանդեսը appeared first on ԳԱԼԱ.