«Կարծես թե Փաշինյանը կտրվել է իրականությունից». փաստաբան
«Ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը էդ օրը ինչ երազ է տեսել, որ նման միտք արտահայտեց ու ձևացնում է, որ ինչ-որ խաղաղության նախադրյալներ կան:
Թուրքիայի այսօրվա իշխանությունն ամբողջությամբ ծավալապաշտական քաղաքականություն է վարում բոլոր հարևանների հանդեպ, իսկ մեր դեպքում նաև պատմականորեն է այդ քաղաքականությունը վարում: Կարծես թե Փաշինյանը ամբողջությամբ կտրվել է իրականությունից, որովհետև ընդամենը ամիսներ առաջ ԱԺ-ն, կառավարությունը սահմանափակումներ էին կիրառում թուրքական ապրանքների ներկրման համար, տնտեսական հարաբերություններ էին խզում ու այսօր կանգնում ասում են, որ Թուրքիայից դրական ազդակներ կան. դա ուղղակի տարակուսանք է:
Թուրքիան զինված ստորաբաժանումներ է տեղակայել Արցախից զավթած տարածքներում, Բերձորի միջանցքում զորավարժություններ է իրականացնում՝ ուղղակի կերպով վտանգելով մեր ճանապարհներն ու ենթակառուցվածքները: Եվ այս պարագայում նման ոճի, նման բովանդակության հայտարարությունները, մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայից դրական ազդակների վերաբերյալ հայտարարությանը:
Պապիկյանի խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի բռնապետություններն առնվազն վերջին 3 տասնամյակների ընթացքում, Խորհրդային միության փլուզումից հետո, իրենց բնակչության մոտ՝ սկսած մանկապարտեզային տարիքից, մինչև բուհական կրթությունը, քարոզել են հայատյացություն և թշնամանք, հայերի վերացման և բնաջնջման քաղաքականություն:
«Նման բռնապետությունների հետ խոսել հաշտության, խաղաղության կամ դրական ազդակների մասին՝ ուղղակի անհեթեթություն է: Մենք չենք կարող կորցնել մեր զգոնությունը, որովհետև շատ լավ գիտենք, որ ցանկացած պահի նրանք պատրաստ են Հայաստանը բզկտել, հոշոտել: Ադրբեջանի բռնապետն առնվազն շաբաթը 1-2 անգամ Հայաստանի վերացման կամ Հայաստանը զավթելու մասին հայտարարություններ է անում:
Ինչպե՞ս կարելի է դրանց հետ հարաբերությունները կարգավորելու մասին այսօր խոսել: Նրանք մեզ հետ խոսում են բացառապես ուժի և սպառնալիքի դիրքերից:
Պատերազմից հետո նրանց այդ հռետորաբանությունը խիստ ընդգծված է, բացառված է խոսել նրանց հետ հարաբերություններ կարգավորելու մասին:
Դա ինքնախաբեություն է, դա նման է նրան, որ գլուխդ դնես իրենց ոտքերի տակ:
Չի կարող նման բան լինել, որովհետև իրեն հարգող ազգը, ժողովուրդը ոչ միայն թույլ չի տա իրեն այդպիսի վարքագիծ, այլև անհրաժեշտության դեպքում ցանկացած ձևով կանի ամեն ինչ՝ այդպիսի թշնամուն կարգի հրավիրելու համար»,- հայտարարեց Պապիկյանը:
Փաստաբանի խոսքով՝ Հայաստանի քաղաքական իշխանության բոլոր հայտարարությունները կատարվում են Կրեմլից իջած հրահանգներով.
«Մենք արտաքին քաղաքականության առումով որևէ ազդեցություն չունենք, ամեն ինչ մշակվում է Կրեմլում: Մոսկվան Անկարայի հետ տարածաշրջանի քարտեզը փոփոխության է ենթարկում, հատկապես Մերձավոր Արևելքի երկրներում:
Մոտավորապես նույն սցենարը գործում է Բաքու-Անկարա հարաբերությունների դեպքում:
Մեր այսօրվա իշխանություններն ուղղակի որպես կամակատարներ հայտարարում են:
Ես զարմանքով եմ լսում և կարդում Հայաստանի իշխանությունների որևէ մեկի հայտարարությունը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին: Կարծես թե Մոսկվայից ստանում են նոր հրահանգ և այդ հրահանգը ներկայացնում են կառավարության նիստի ժամանակ, և դրանով կարծես թե իրենք ցույց են տալիս, որ հանրության մասին իրենք չեն մտածում, և նրանք ընդամենը կամք կատարող են»,- ընդգծեց Արայիկ Պապիկյանը:
«Նորություն չէ, որ Ադրբեջանի այս կամ այն պաշտոնյան հայտարարում է, որ Արցախն Ադրբեջանի տարածք է: Ամեն ինչ արվում է, որպեսզի Հայաստանը դուրս մնա Արցախի հարցի շրջանակից: Հայաստանի դուրս մղման գործընթացն ակտիվ տանում են առաջ: Մենք որպես պետություն, որպես ազգ պետք է ինքներս մեզ հարգենք և դրսևորենք ինքնիշխանության վարքագիծ»,-նշեց փաստաբանը:
Ըստ նրա՝ պարզապես պետք է հզոր պետությունների օրինակով քայլեր ձեռնարկենք և ճիշտ որոշումներ կայացնենք, ում հետ դաշնակցային հարաբերություններ կունենանք, ում հետ դրացիական. երբ մենք մեզ Փարիզից կամ Վաշինգտոնից մեկնած ձեռքերն արհամարհում ենք, չեն կարող այդ ձեռքերը երկար ժամանակ մեկնած մնալ, և ամենևին պետք չէ զարմանալ, որ ինչ-որ փուլում Բաքվի և Փարիզի կամ Բաքվի և Վաշինգտոնի շահերը կհամընկնեն, և այդ ձեռքը կմեկնվի ոչ թե Հայաստանին, այլ Բաքվին:
Անահիտ Չալիկյան
The post «Կարծես թե Փաշինյանը կտրվել է իրականությունից». փաստաբան appeared first on ԳԱԼԱ.
