«Հովհաննեսը վիրավորվել էր ԱԹՍ-ի հարվածից, այնուհետ ենթարկվել դիվերսիոն հարձակման»
Պահեստազորային Հովհաննես Պորտուգալյանը, ով պատերազմի օրերին առանց վարանելու մեկնել է Արցախ, վիրավորվել է ԱԹՍ-ի հարվածից, այնուհետև դեպի զորամաս տեղափոխվելու ճանապարհին ենթարկվել են դիվերսիոն հարձակման: Հովհաննեսը զոհվել է 2020թ.-ի հոկտեմբերի 14-ին։
«Ամուսինս հոկտեմբերի 5-ին Շենգավիթի զինկոմիսարիատից զինվորական զորակոչով մեկնեց ռազմաճակատ որպես ՄՈԲ-ի պահեստազորային, կռվել է Վարանդայում։ Առանց մի օր զորավարժության մասնակցելու, էդպես անպատրաստ Երևանից միանգամից տեղափոխել են Արցախ: Ամուսինս նույնիսկ իր սեփական երջանկությունը դրեց մի կողմ, որ գնա իրենից երիտասարդներին օգնի, նույնիսկ իր երեխաներին հաջող չի արել, չի համբուրել: Հովհաննեսն ասում էր. «Հերիք եղավ, պիտի գնամ ու թուրքերին իրենց տեղը ցույց տամ, որ թողնենք, կգան կհասնեն մեր ընտանիքներին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված Հովհաննես Պորտուգալյանի կինը՝ Լիանա Պորտուգալյանը:
Հերոսի կինը պատմում է՝ ամուսինը չնայած ոչ մի անգամ Արցախում չէր եղել, բայց պատրաստակամությամբ է մեկնել Արցախ՝ ասելով՝ եթե մենք չգնանք, ո՞վ պիտի պաշտպանի մեր հողն ու ջուրը, մեր տունն ու երեխաներին:
«Դեռ չէին հասել Արցախ, ասացի՝ Հովո, ախր դու զորավարժություն չես անցել, էդպես ո՞նց կլինի:
Հովհաննեսը շատ յուրահատուկ մարդ էր. լավ հայր, լավ ամուսին: Շատ երեխայասեր էր, իր համար բոլոր երեխաներն իր գանձերն էին։ Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր: Զուսպ էր, հանգիստ, խաղաղ և հավասարակշռված, շնորհալի մարդ էր: Ինքնուս ստեղծագործում էր՝ քանդակներ էր անում, նկարում էր: Անսահման մեծ սիրտ ու հոգի ուներ, ներող էր, զիջող:
Ես կորցրել եմ իմ թանկին, ինձ հիմա ոչինչ չի սփոփում…
Մենք մինչև պատերազմը երջանիկ ապրում էինք, մենք սիրով ամուսիններ ենք եղել, մեր մեջ վեճ, վիճաբանություն չի եղել»,- ասում է Հովհաննես Պորտուգալյանի կինը:
Լիանա Պորտուգալյանը պատմում է, որ պատերազմի օրերին, երբ խոսել է ամուսնու հետ, ոչ մի անհանգստություն կամ վախ չի նկատել ձայնի մեջ: Դրանք վայրկյաններ տևող զրույցներ են եղել, բայց գոնե կարողացել է լսել ամուսնու ձայնը:
Հովհաննեսը վիրավորվել էր ԱԹՍ-ի հարվածից, իսկ տեղափոխվելու ընթացքում ենթարկվել էին դիվերսիոն հարձակման. հոկտեմբերի14-ից Հովհաննես Պորտուգալյանի անուն-ազգանունը հայտնվեց անհետ կորածների ցանկում, և միայն երկար որոնումների արդյունքում մարտի 8-ին հարազատներին է հանձնվել զոհված զինծառայողի մարմինը:
Հովհաննեսի կինը՝ Լիանան, պատմում է՝ չի հավատացել, որ ամուսինը զոհվել է, որովհետև ռազմաճակատից ամուսնու վերաբերյալ տեղեկությունները հակասական են եղել:
Չմարող հույս է ունեցել, որ ամուսինը կարող է գերեվարված լինել: Փորձել է օգտագործել արտասահմանյան կապերը, բայց «Կարմիր խաչից» ասել են, որ ամուսնու անուն-ազգանունը չկա գերիների ցուցակում:
Լիանա Պորտուգալյանն ամուսնու մյուս ծառայակից ընկերների ծնողների հետ սկսել է փաստահավաք աշխատանքներ, մասնակցել են որոնողական աշխատանքներին:
Հովհաննես Վիլիկի Պորտուգալյանը ծնվել է 1981թ. հոկտեմբերի 28-ին Երևանում: Ամուսնացած էր, ունի զույգ աղջիկ:
Արցախյան պատերազմում զոհված Հովհաննես Պորտուգալյանը հետմահու պարգևատրվել է «Տիգրան Մեծ» և «Արիության համար» մեդալներով։
Անահիտ Չալիկյան
The post «Հովհաննեսը վիրավորվել էր ԱԹՍ-ի հարվածից, այնուհետ ենթարկվել դիվերսիոն հարձակման» appeared first on ԳԱԼԱ.
