Ո՞ր ուժերն են հայտ ներկայացրել Գյումրիի ՏԻՄ ընտրություններին
Ո՞ր քաղաքական ուժերն են մասնակցության հայտ ներկայացրել Գյումրիի ՏԻՄ ընտրություններին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ, որոնք անցկացվելու են համամասնական ընտրակարգով:
Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ն, Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել իշխող «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը. ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է և մարզպետի պաշտոնը զբաղեցնում է այս տարվա հունվարից:
ՀՀԿ-ն նույնպես մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին. ցուցակը գլխավորելու է ԱԺ նախկին պատգամավոր Արտյոմ Ղուկասյանը, ով Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբորորդին է։
Ընտրություններին մասնակցում է նաև «Թասիբով» դաշինքը, որի ցուցակը գլխավորելու է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի Շիրակի տարածքային գրասենյակի նախկին համակարգող Կարապետ Պողոսյանը:
Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Բալասանյան դաշինքը». ցուցակը գլխավորելու է Գյումրու համայնքապետարանի ենթակայության տակ գործող Կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը։
«Գյումրին կռնա» դաշինքը ևս կմասնակցի ընտրություններին, դաշինքի քաղաքապետի թեկնածուն Շիրակի նախկին փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն է։
Շրջանառվում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասնակցության մասին տեղեկությունը, ըստ որի ցուցակը գլխավորելու է 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սարիկ Մինասյանը:
Մինասյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց կուսակցության մասնակցությունը, փոխարենը նշեց, որ երկուշաբթի «Լուսավոր Հայաստան»-ը կհայտնի իր պատասխանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկածու, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց.
«ՔՊ համամասնական ցուցակը գլխավորելու եմ ես, և դա որոշվել է ՔՊ վարչության նիստի ժամանակ: Իրականում այդ փաստն ինձ համար մեծ պատիվ է, եթե ստանանք ժողովրդի քվեն, և հետագայում նաև ավագանու որոշումը լինի այնպիսին, որ քաղաքապետի աթոռը պետք է զբաղեցնեմ ես, ուրեմն դա ինձ համար կլինի մեծ պատիվ և իմ կյանքի կարևոր ու պատասխանատու տարիները, որ ես պետք է նվիրեմ իմ հարազատ քաղաքի շենացմանն ու զարգացմանը:
Շատ հետաքրքիր ընտրություն է լինելու, կարծում եմ՝ թեժ ասված բառը լինելու է ծրագրերի, հետաքրքիր լուծումների առաջարկներով: Այնպես որ, ժողովուրդը կունենա հնարավորություն բոլոր ուժերի ծրագրերը լսի և որոշում կայացնի»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանը:
Հարցադրմանը, թե գյումրեցին ինչո՞ւ պետք է ընտրի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և ի՞նչ սպասելիքներ պետք է ունենա, եթե հաղթեք ընտրություններում, Հարությունյանը հայտարարեց.
««Քաղաքացիական պայմանագիրը» իր իշխանության օրոք ցույց է տալիս, թե ինչպես է ինքը իրականացնում կառավարումը և վերահսկումը: Քաղաքային կառավարման նոր որակներ ենք փորձելու ներդնել, որը լինելու է ամենակարևոր հենասյունը, որպեսզի Գյումրիի յուրաքանչյուր բնակիչ՝ անկախ նրանից՝ ապրում է կենտրոնում, թե ծայրամասում, զգա կառավարման որակի փոփոխություն, որովհետև ժամանակները փոխվում են, և ինչպես տեխնիկան է արդիականանում, այնպես էլ կառավարման հմտություններն ու որակը պետք է արդիականացվեն:
Մենք գալիս ենք կառավարման նոր որակ հաղորդելու Գյումրի քաղաքին, և մեր ծրագրից է բխում նոր կառավարման որակների ներդրումը»,- եզրափակեց Հովհաննես Հարությունյանը:
«Թասիբով» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց.
«Մենք ստեղծեցինք «Թասիբով» դաշինքը, որտեղ շեշտը դրված է կոնկրետ պատվախնդրությամբ առաջ գնալու վրա: Մեր թիմի անդամները հիմնականում երիտասարդներ են, ովքեր կայացած են իրենց ոլորտում: Մարդիկ են, ովքեր անշահախնդիր պայքարել են հանուն Հայաստանի և հիմա էլ պատրաստվում են պայքարել հանուն Գյումրիի և իրենց ներդրումն են ուզում ունենալ Գյումրիի հետագա առաջընթացի մեջ:
Մեր առաջնային խնդիրն է լինելու պահպանել այն ամենը, ինչ ստեղծվել է տարիների ընթացքում, որովհետև մենք լուրջ մտավախություն ունենք, որ մեր՝ քաղաքական իշխանություն չլինելու դեպքում հաջորդ քաղաքական իշխանությունը ավերելու է այն ստեղծածը, որը եղել է:
Մենք եղել ենք Գյումրու տարբեր թաղամասերում, խոսել ենք մարդկանց հետ և ունենք մեզ մոտ խնդիրների ցանկ, որոնց լուծումները պիտի կյանքի կոչվեն»,- նշեց քաղաքապետի թեկնածուն:
Կարապետ Պողոսյանի խոսքով՝ իրենց ընդդիմադիր լինելու և կռիվ տվող կեցվածքը իշխանությանը ստիպելու է ուշադրությունը կենտրոնացնել Գյումրիի վրա։
«Մենք, ընդդիմություն լինելով, կարողանալու ենք Գյումրիին բերել նոր շունչ: Ծրագրերը շատ են, և կարող թիմի հետ միասին դա միանշանակ հնարավոր է անել: Այսինքն՝ գալիս է մի թիմ, որը ոչ մի կերպ չի համակերպվելու և հարմարվելու գործող իշխանության կապրիզներին»,- եզրափակեց «Թասիբով» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը:
ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցի ԳԱԼԱ, «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, որոնք, հիշեցնենք, որ ունեն գործող խմբակցություններ Գյումրու ավագանու կազմում:
ԳԱԼԱ-ի անդամ Արմենուհի Վարդանյանը հայտնել է, որ կուսակցության անդամները եւս ներգրավված չեն լինի որևէ կուսակցության կամ դաշինքի ցուցակում:
Ավելի ուշ հայտարարվեց, որ Գյումրիում հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրությանը կմասնակցի նաեւ նորաստեղծ «Հայրաքաղաք» դաշինքը։ Դաշինքում ընդգրկվել են Ռամկավար Ազատական կուսակցությունն ու «Ժառանգություն» կուսակցությունը։ Դաշինքի ընտրացուցակը գլխավորելու է Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը։
Անահիտ Չալիկյան
The post Ո՞ր ուժերն են հայտ ներկայացրել Գյումրիի ՏԻՄ ընտրություններին appeared first on ԳԱԼԱ.