Ամենևին որևէ կոռուպցիոն ռիսկ չեմ տեսնում. Սուրեն Պապիկյանը՝ Ապարանի ճանապարհների ասֆալտապատման մրցույթում Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ՓԲԸ-ի հաղթելու մասին
Ամենևին որևէ կոռուպցիոն ռիսկ չեմ տեսնում: Այս մասին «Ազատություն» ՌԿ եթերում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կրտսեր եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած ՓԲԸ-ն շահել է Ապարանի ներհամայնքային ճանապարհներն ասֆալտապատելու մրցույթը, և դա նրա երկրորդ պայմանագիրն է, իսկ առաջինը կնքվել է այս տարվա հունիսին, գինը կազմել է 368 մլն դրամ:
Հարցին՝ Պապիկյանն այդտեղ կոռուպցիոն ռիսկ չի՞ տեսնում, փոխվարչապետն արձագանքել է. «Այստեղ բանալի բառերն են՝ մրցույթ, հաղթել, ու դրանով ամեն ինչ ասված է: Ալեն Սիմոնյանի եղբայրը, եթե ես չեմ սխալվում, սեփականատեր չէ: Այսինքն՝ եթե Ալեն Սիմոնյանի կամ այլ պաշտոնյայի եղբայր է, չպե՞տք է աշխատի որևէ տեղ»:
Դիտարկմանը, թե իրենց ուժն ընդդիմադիր եղած ժամանակ քննադատում էր՝ ասելով, թե ինչպես է լինում, որ բոլոր մրցույթներում հաղթում են մարդիկ, որոնք այս կամ այն կերպ առնչություն ունեն իշխանությունների հետ, Պապիկյանն արձագանքել է, թե նշված անձը բոլոր մրցույթներում չի հաղթել:
«Ժամանակին քննադատում էինք, որովհետև եղել են հիմքեր: Տեղի ունեցածը զուտ մրցութային պրոցես է»,-ասել է նա: