Բաքվում բացված ավարների պուրակը և թշնամության մթնոլորտի խորացման մյուս քայլերն արվում են՝ ի ցույց դնելու տարածաշրջանում խաղաղության անհնարինությունը, բայց մենք առաջ ենք տանելու այդ օրակարգը. Փաշինյան
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին ելույթ ունենալիս Նիկոլ Փաշինյանը նշել է, թե ինչպե՞ս է պատրաստվում իրականացնել մեր երկրի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու նպատակը:
«Երկխոսության, մեր տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամության մթնոլորտը քայլ առ քայլ հաղթահարելու միջոցով: Մենք գիտակցում ենք, որ ճանապարհը դժվարին և երկարատև է լինելու: Այսօր էլ ցավոք, գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նպատակը խաղաղության օրակարգը դելեգիտիմիզացիայի ենթարկելն է, թշնամության մթնոլորտը ոչ միայն խորացնելը, այլեւ այն առավել համակարգված դարձնելը: Հրադադարի խախտումները, Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ արվող ագրեսիվ եւ վիրավորական հայտարարությունները շարունակաբար լարում են մթնոլորտը»,- նշել է Փաշինյանը:
Խոսելով խաղաղության օրակարգի դեմ ուղղված գործելակերպի մասին՝ Փաշինյանը նշել է. «Ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի` Ադրբեջանը ոչ միայն մինչեւ օրս գերության մեջ է պահում Հայաստանի Հանրապետության մի քանի տասնյակ քաղաքացիների, այլեւ նրանցից շատերին շինծու մեղադրանքներով դատապարտել է 6-ից մինչեւ 20 տարի ազատազրկման: Բացի սա՝ կան քաղաքացիներ, որոնց գերեվարված լինելու փաստը Ադրբեջանը մինչեւ օրս չի հաստատում, չնայած՝ նրանց գերության մեջ լինելու մասին կան հստակ ապացույցներ: Սա առավել անընդունելի է դառնում այն ֆոնին, որ 2020 թվականին աշնանը ադրբեջանցի օգտատերերը հրապարակել են կոնկրետ հայ զինվորների գերեվարվելու տեսանյութեր, իսկ ավելի ուշ՝ հայտնաբերվել են այդ զինվորների գլխատված կամ գնդակահարված մարմինները»: Փաշինյանը հավելել է, որ հայ գերիների խոշտանգումների ենթարկելու մասին անհերքելի ապացույցներ կան:
«Թշնամության մթնոլորտի խորացման աղաղակող օրինակ է Բաքվում բացված՝ այսպես կոչված ավարների պուրակը, որտեղ ադրբեջանցի դպրոցականներին էքսկուրսիաների են տանում դիտելու գերեվարված, սպանված կամ արնաքամ լինող հայ զինվորների մանեկենները»,- նշել է Փաշինյանը և ընդգծել, որ այս եւ մյուս քայլերն արվում են ի ցույց դնելու խաղաղության անհնարինությունը մեր տարածաշրջանում:
«Բայց մենք հետեւողականորեն առաջ ենք տանելու այդ օրակարգը՝ մեր տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու բոլոր հնարավորությունները օգտագործելով եւ նոր հնարավորություններ ստեղծելով»,- ասել է նա: