Դժվար է պատկերացնել սահմանագծման գործընթացը այն պայմաններում, երբ գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայ-ադրբեջանական սահմանին հնչում են կրակոցներ. Նիկոլ Փաշինյան
Դժվար է պատկերացնել սահմանագծման գործընթացը, այն պայմաններում, երբ գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայ-ադրբեջանական սահմանին հնչում են կրակոցներ: Այս մասին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին ելույթ ունենալիս նշել է Նիկոլ Փաշինյանը:
«Ցավով պետք է արձանագրեմ, որ դժվար է պատկերացնել սահմանագծման գործընթացը, այն պայմաններում, երբ գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայ-ադրբեջանական սահմանին հնչում են կրակոցներ և տեղի են ունենում տարաբնույթ սադրանքներ, այն պայմաններում, երբ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները ս/թ մայիսի 12-ին Սոտք-Խոզնավար հատվածում ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք»,- ասել է Փաշինյանը:
Ելույթում Փաշինյանը նշել է վերոնշյալ իրավիճակից դուրս գալու՝ իրենց առաջարկած գործողությունները.
«Նշված հատվածում թե Հայաստանի, թե Ադրբեջանի զինված ուժերը հայելային ետ են քաշվում Խորհրդային ժամանակներից ժառանգված սահմանագծից, այդ սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ եւ միջազգային հովանու ներքո մեկնարկում ենք սահմանագծման և սահմանազատման աշխատանքները»,- ասել է նա և հավելել, որ այս առաջարկը պատրաստ են կյանքի կոչել ցանկացած պահի: