«Նպատակը տարածաշրջանում մեծ քաոս ստեղծելն է». Ստեփան Դանիելյան
ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:
— «Իրանի սահմանին թյուրքական ռազմական կուտակումների ամենավտանգավոր պահն այն է, որ երրորդ մի կողմ Ադրբեջանից կարող է պրովոկացիա անել»,- նշել եք դուք սոցցանցի Ձեր էջում: Ո՞ր կողմը կամ կողմերը կարող են լինել շահագրգիռ տարածաշրջանում ռազմական էսկալացիայի սադրանք սանձազերծելուն, ըստ էության, նաև Ադրբեջանից տարբեր «ծառայություններ» կորզելու մեջ:
-Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը պետք է պարզ լինի. այն կողմերը, որոնք պատերազմի ընթացքում սատարում էին Ադրբեջանին՝ թե զենքով, թե մասնագետներով: Նպատակը Իրանն է՝ Իրանի միջուկային ծրագիրը, նաև տարածաշրջանում մեծ քաոս ստեղծելը՝ տարբեր աշխարհաքաղաքական ու տնտեսական շահեր հետապնդելու համար: Եթե կոնկրետ երկրների ու ուժերի անուններ եք ցանկանում լսել, ես հակված չեմ դա անել:
-Ի՞նչ եք կարծում, Իրանի դեմ տեղի ունեցող գործընթացներում Թուրքիան, Ադրբեջանը չե՞ն փորձում օգտագործել Հայաստանին, և մեր երկիրն էլ կարծես ներքաշվում է այդ սադրանքների մեջ: Մասնավորապես՝ Գորիս-Կապան ճանապարհը, ըստ էության, ՀՀ իշխանությունները համարեցին ադրբեջանական տարածք: Ռուսների դերակատարությունն այստեղ կարծես չի էլ երևում: Թուրքիայի նախագահն էլ հայտարարում է, որ Հայաստանից դրական ազդակներ է ստացել:
-Նախ, ոչ թե «ըստ էության» ճանաչեցին, այլ շատ կոնկրետ ու պաշտոնական կերպով դա արեցին։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա եթե Հայաստանն այդ տարածքը ճանաչում է Ադրբեջանինը, ապա իրենք ի՞նչ պետք է անեն։ Ինչ վերաբերում է նրան, որ Թուրքիայից ասում են, որ Հայաստանից դրական ազդակներ են գալիս, ապա դա շատ կոնկրետ ու հրապարակային կերպով ասել է Հայաստանի վարչապետը: Եթե ավելի պարզ խոսենք, ապա Թուրքիային ու Ադրբեջանին հետաքրքրում է Մեղրիի ճանապարհը՝ որպես երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհ, նաև որպես գազամուղ ու նավթամուղ, իսկ Ռուսաստանը ցանկանում է ինքը վերահսկել այդ ճանապարհները, նաև ստանալ դեպի Իրան երկաթուղային կապ։ Սա է հիմնական խնդիրը։
-Եթե Հայաստանին ներքաշում են Իրանի դեմ գեներացվող գործընթացների մեջ, սա ի՞նչ վտանգներով է հղի հենց մեր երկրի համար:
— Այս պահին նման բան կարծես թե չկա։
— Էրդողանը խոսել է նաև այն մասին, որ համագործակցության տարբերակների շուրջ սեպտեմբերին խոսելու է Պուտինի հետ՝ զարգացնելով տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը: Հայաստանի համար ո՞րն է լինելու «խաղաղության» հաստատման գինը, որը կարծես կորզում են ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ:
-Հայաստանը հիմա ձայնազուրկ երկիր է. ինչ ասեն, դա էլ կանի։ Եթե մեր սահմանների ու անվտանգության երաշխավորն արդեն մենք չենք, ինչո՞ւ պետք է մեր կարծիքն ինչ-որ մեկին հետաքրքրի։ Հիմա պայմանավորվող կողմերը Ռուսաստանն ու Թուրքիան են. ինչ որոշեն, դա էլ կլինի։
Արմենուհի Վարդանյան
The post «Նպատակը տարածաշրջանում մեծ քաոս ստեղծելն է». Ստեփան Դանիելյան appeared first on ԳԱԼԱ.