Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

Դեռ հիվանդության դեպքերի աճ լինելու է․բժիշկ-համաճարակաբան

0

«Ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Շիրակի մարզում կորոնավարակի այս տարվա 2-րդ շրջանը, այսինքն 4-րդ ալիքը հոկտեմբերի փոխարեն սկսվել է ավելի շուտ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի տնօրենի տեղակալ, բժիշկ-համաճարակաբան Արմինե Անդրյանը։

«Վարակը նոր է սկսում ակտիվանալ, ինչը նշանակում է, որ դեռ հիվանդության պիկին չենք հասել։ Շիրակի մարզում մինչ այժմ հիվանդների ամենացածր թիվն է գրանցվել հանրապետության մյուս մարզերի համեմատ», ավելացրեց Անդրյանը:

Արմինե Անդրյան

Օրական առավելագույնը 24 դեպք, սա մարզում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է եղել սեպտեմբեր ամսվա ընթացքում։ Գրանցված դեպքերի 70-80 տոկոսը Գյումրիից է, մարզում կան նաև 14 բնակավայրեր, որոնք անցած տարի կորոնավիրուսով վարակվածության օջախներ էին։ Հիմա այնտեղ դեպքեր չկան։ Բայց սա, ըստ համաճարակաբանի, մարդկանց մոտ զգոնությունը թուլացնելու տեղիք չպետք է տա։ Այնինչ մարդիկ զգոնությունը թուլացրել են, դիմակ քչերն են կրում։ Ըստ համաճարակաբանի՝ դեռ հիվանդության դեպքերի աճ լինելու է։ Գյումրի բժշկական կենտրոնում տեղակայված 70 մահճակալն էլ այժմ զբաղված է հիվանդներով, նրանց մեջ կան նաև ծանր հիվանդներ։

Շիրակի մարզը Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում ևս կարող է մինչև 100 հիվանդի ընդունել։ Բաժանմունքը վերաբացելու ցուցում դեռ չունեն։ Բժիշկ-համաճարակաբանը կորոնավիրուսի «դելտա շտամ» անունը ստացած այս տարատեսակը շատ ավելի ագրեսիվ է համարում, քան նախորդները։ Այն 2-3,5 տոկոս մահաբերություն ունի, երկարատև ու ծանր ընթացքով է, հիվանդի ինքնազգացողությունը 14-15-րդ օրը կտրուկ վատանում է, շատ օրգաններ է ախտահարում, հատկապես ծանր է ընթանում թոքային ձևը, ունի վարակելիության ավելի բարձր ցուցանիշ։ Հիվանդության նկատմամբ խոցելի են հատկապես երեխաները և երիտասարդները։ Հնարավորինս երեխաներին այս հիվանդությունից զերծ պահելու համար առաջնահերթություն տրվեց մանկավարժների պատվաստմանը։ Շիրակի մարզում ուսուցիչների 60-70 տոկոսն արդեն պատվաստված է։

Հաջորդ խստացումն էլ գործելու է հոկտեմբերի 1-ից, երբ բոլոր տնտեսվարողները պարտադիր պետք է կամ աշխատակիցների կողմից 2 շաբաթը 1 անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնեն, կամ էլ պատվաստվեն։ Այս պահանջը ոչ միայն գործատուների, նաև աշխատակիցների մոտ անորոշություն է առաջ բերել։ Անհատ ձեռներեցներից ոմանք նշեցին, թե չեն շտապում պատվաստվել, քանի որ կողմնակի հիվանդություններ ունեն ու վախենում են։ Բնակիչներն էլ մոլորության մեջ են․ հարցվածներից ոմանք ասում են՝ ոչ պատվաստվելն է ճիշտ, ոչ էլ չպատվաստվելը։ Տարբեր պատճառաբանություններ են բերում, ընդհուպ նաև այն, թե իրենց վրա պատվաստանյութ են փորձարկում, քանի որ եղած պատվաստանյութերը պատշաճ փորձարկում չեն անցել։ Ու բացի դրանից, ասում են, ոչ մեկն իրավունք չունի իրենց ստիպելու, որ պատվաստվեն․ դա հակասահմանադրական է։

«Շիրակի մարզը հանրապետության մյուս մարզերի մեջ առաջատար է պատվաստումների ցուցանիշով,- նշում է բժիշկ-համաճարակաբանը,- բնակիչների 12-16 տոկոսն է ընդամենը պատվաստվել։ Մի մասն իրենց գիտակցության հաշվին, մի մասն էլ՝ պարտադրանքի։

Պատվաստումների ցուցանիշը բարձր է հատկապես պետական հիմնարկների աշխատողների մոտ, սեփական սեկտորը դեռ հապաղում է։

Ըստ Արմինե Անդրյանի՝ կան հյուրանոցներ ու մասնավոր այլ ընկերություններ, որտեղ ոչ մեկը չի ցանկանում պատվաստվել։

Գյումրիի «Քարհատ մեքենա» ՓԲԸ լիազոր ներկայացուցիչ Դավիթ Ղազանչյանի խոսքերով՝ իրենք 27 աշխատող ունեն, նրանցից միայն 11-ն է պատվաստվել։ Մյուսները կամավոր հրաժարվում են։ Քարհատ մեքենա արտադրող ընկերության ղեկավարությունը հրաման է տվել, որ չպատվաստված աշխատակիցները հոկտեմբերի 1-ից աշխատանքի չներկայանան։ Առանց այդ էլ թերբեռնված ու պատվերից պատվեր աշխատող այս ընկերության աշխատանքային ցիկլը, ըստ լիազոր ներկայացուցչի, սրանով կխախտվի։

Դավիթ Ղազանչյան

Դավիթ Ղազանչյանն ինքը պատվաստված է, ասում է՝ ոչ մի խնդիր չի ունեցել պատվաստումից հետո, բայց աշխատողներին չի կարողանում պարտադրել, որ պատվաստում անցնեն։ Ասում է՝ ընկերությունը հազիվ է ծայրը ծայրին հասցնում, չի էլ կարող իր վրա վերցնել ՊՇՌ թեստ անելու ծախսերը։ Ամսական 1 աշխատողի համար մոտ 20.000 դրամ կկազմի, 16-ի համար՝ 300.000-ից ավելի։ Այս դեպքում, ավելի լավ է իրենք ընդհանրապես չաշխատեն, ասում է ընկերության պատասխանատուն։

«Չեմ բացառում, որ վաղը ՊՇՌ թեստի անցկացումն էլ թանկանա, ինչպես Սուրբ խաչին ծաղիկն է թանկանում, կամ Նոր տարվան խնձորը»,- ավելացրեց Դավիթ Ղազանչյանը։ Ասում է՝ անորոշության մեջ սպասում են, թե խոշոր ընկերություններն ինչպես կվարվեն, իրենք էլ կամ չեն աշխատի, կամ էլ կաշխատեն այնքան, մինչև իրենց բացահայտեն ու տուգանեն։ Ի դեպ, այս դեպքում՝ 1 աշխատողի տուգանքը մինչև 20.000 դրամ է, իսկ գործատուինը՝ 40.000-120.000 դրամ։

«Բեռլին» հյուրանոցի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը ևս նշեց, որ դեռ ոչինչ չեն արել այս պահանջը բավարարելու համար։ Պիտի դեռ 16 աշխատողների հետ քննարկեն։ Ինքը կողմ է պատվաստմանը, ավելին, գտնում է, որ այն պետք է դառնա կանոնավոր, ինչպես կարմրուկի, ծաղիկի կամ մյուս վարակների դեմ պատվաստումներն են։ Բայց պատվաստումը պետք է կատարվի բժշկական լուրջ հետազոտություններից հետո։ Ասում է, որ ընտանեկան բժշկի ֆունկցիան այս գործի մեջ պետք է ավելի լրջացնել, ինչը ինքը հիմա չի տեսնում։ Պատվաստում չեն պարտադրելու։

Ալեքսան Տեր-Մինասյան

Ըստ Ալեքսան Տեր-Մինասյանի՝ իրենց հյուրերի մեջ են պատվաստվել ցանկացողները շատ, Ամերիկայից, Իրանից։ Իրանի քաղաքացիներն, ի դեպ, Գյումրիում ստացել են պատվաստանյութի առաջին չափաբաժինը և վերադարձել։ Հիմա, ըստ հյուրանոցի տնօրենի, 2-րդ չափաբաժինը ստանալու ժամանակն է, բայց նրանք չեն կարողանում Հայաստան մուտք գործել Իրան-Հայաստան սահմանին ստեղծված խնդիրների պատճառով։ Ի դեպ, Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանցիները Իրանի քաղաքացիներից ապօրինի վճարներ են պահանջում Հայաստան մուտք գործելու համար։

Մի կողմից պատվաստումների պարտադրանքը, մյուս կողմից էլ այն, որ աշխատանքային պայմանագրերում չկան պարտավորություններ այս սահմանափակումների մասին․ ընդհանուր հաշվով, ստացվում է, որ գործատուն իրավունք չունի աշխատանքից հեռացնել պատվաստում չանցած աշխատողին։ Սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում են համարում իրավապահները։ Մյուս կողմից էլ երկիրը հանրային առողջության խնդիր ունի, և պատվաստումը կորոնավիրուսի դեմ պայքարի առայժմ միակ ճանապարհն է։

Բժիշկ-համաճարակաբան Արմինե Անդրյանը նշեց, որ պատվաստվածները ևս հիվանդացել են, բայց համեմատաբար թեթև ընթացքով։ Ու փաստ է այն, որ հանրային առողջության խնդիրը պետությունը փորձում է լուծել գործատուների միջոցով։ Ըստ վարակաբանի՝ ինչքան շատ մարդ պատվաստվի, այնքան մենք ուշ կհասնենք կորոնավարակի այս ալիքի պիկին, ինչը կարևոր է նրա համար, որ առողջապահական համակարգը չպարալիզացվի։

Կարինե Կազարովա

The post Դեռ հիվանդության դեպքերի աճ լինելու է․բժիշկ-համաճարակաբան appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса