ՀՀ փոխվարչապետն ընդունել է Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների հարթակի ներկայացուցիչներին
Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին մայիսին 3-ին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից (ՀԱԳՄ), շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրել է Միասնական հարթակի ձևավորման նպատակահարմարությունը, խնդիրներն ու գործունեության ուղղությունները։ «ՀԱԳՄ-ն, ոլորտային տարբեր գործարար հասարակական կառույցները նախկինում ևս ունեցել են ինչպես միմյանց, այնպես էլ գործադիր իշխանության հետ անմիջական գործակցության փորձ, բայց քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ Միասնական հարթակի շրջանակներում կհաջողվի առավել արդյունավետ կերպով վեր հանել համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հիմնահարցերը, իրականացնել համատեղ քննարկումներ, ձևավորել միասնական լուծումներ և ներկայացնել կառավարական պատկան մարմիններին»,-նշել է Արսեն Ղազարյանը։ Հարթակը, որին այս պահին միացել է տնտեսական ուղղվածության տասնմեկ ոչ կառավարական կազմակերպություն, բաց է, ուստի ակնկալվում է, որ առաջիկայում այլ կառույցներ ևս կմիանան։ ՀԱԳՄ նախագահը վստահություն է հայտնել, որ այն թույլ կտա առավել արդյունավետ բացահայտել տարբեր ոլորտներում առկա խնդիրները, քննարկել, ձևավորել հիմնավոր ընդհանուր մոտեցումներ, նոր ձևաչափով իրականացնել պետություն-մասնավոր երկխոսությունը։
«Ողջունելով հանդիպման մասնակիցներին և գործակցության նոր ձևաչափի նախաձեռնությունը՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հետագա լայն համագործակցության պատրաստակամություն հայտնեց։ Անդրադառնալով տնտեսական ուղղվածության հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի նախկին փորձին՝ նա ընդգծեց, որ նոր ձևաչափը չի փոխարինելու մինչ այս եղածներին, այլ լրացնելու, հարստացնելու է այդ զինանոցը։ ՀՀ փոխվարչապետը կարևորեց տնտեսական բարեփոխումների շրջանակում իրականացվող քայլերի, հրատապ խնդիրների վերաբերյալ գործարար շրջանակների կողմից ժամանակին, հիմնավոր և միասնական մշակված հավաքական կարծիքների ձևավորումն ու ներկայացումը։ Տիգրան Խաչատրյանն ընդգծեց գործադիր-Միասնական հարթակ արդյունավետ կապի աշխատակարգի սահմանման, համատեղ քննարկվելիք հիմնահարցերի օրակարգի ձևավորման հստակեցման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ մասնակից կառույցների ղեկավարները ևս ներկայացրել են Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի գործունեության վերաբերյալ իրենց պատկերացումներն ու ակնկալիքները։ ՀՀ փոխվարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Նշվում է, որ որոշվել է փոխգործակցության աշխատակարգի մշակումից հետո սահմանել համանման հանդիպումների պարբերականությունն ու քննարկվելիք հարցերի հավաքագրման և ներկայացման եղանակները։
The post ՀՀ փոխվարչապետն ընդունել է Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների հարթակի ներկայացուցիչներին appeared first on ԳԱԼԱ.