Հայաստանին սպառնացող հիմնական վտանգը միջանցք պարտադրելու Ադրբեջանի նոր փորձերն են. Հրանտ Միքայելյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
– Պարո՛ն Միքայելյան, Իրան-Իսրայել պատերազմի ի՞նչ հնարավոր զարգացումներ են սպասելի:
– Ինչ սպասել՝ մի քիչ գլոբալ հարց է, ես փորձեմ պատասխանել այն փաստերի հիման վրա, որոնք կան: Իսրայելի կողմից արդեն հայտարարվել է, որ սա կարճաժամկետ չէ, սա երկարաժամկետ բնույթ է կրելու: Երկրորդ՝ մենք տեսնում ենք, որ Իրանը դե ֆակտո կոալիցիայի հետ գործ ունի, երրորդ՝ մենք կարող ենք տեսնել, որ դրված է նպատակ՝ չեզոքացնել Իրանի աշխարհաքաղաքական գործոնը, այսինքն՝ ոչնչացվի նրա միջուկային պոտենցիալը, ոչնչացվի նրա հրթիռային պոտենցիալը, ոչնչացվի նրա քաղաքական ռեժիմը, այսինքն՝ Իրանը որպես աշխարհաքաղաքական միավոր այլևս չազդի որևէ գործընթացի վրա, ու այստեղ, իհարկե, կան վտանգներ, եթե դա որևէ կերպ հնարավոր դառնա:
Մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ Իրանի կողմից կա արձագանք, արդյունավետությունը դեռ վաղ է գնահատել, բայց առաջին լուրջ հարվածից հետո Իրանը համախմբվել է ու հիմա արձագանք է տալիս: Այսպիսով, որևէ միակողմանի խաղ, որն ամենասկզբից շատերին թվաց, թե կա, այդպես չէ, կա պատերազմ:
Պետք է գիտակցել, որ պատերազմական միջոցները սահմանափակ են, ցանկացած կողմ, որ ներգրավված է պատերազմում, ունի լուրջ սահմանափակումներ քանակի՝ ինչքան արտադրել ու արձակել: Այսպիսով, թե ինչքան է տևելու այս վիճակը, ու ինչ վնասներ են կրելու կողմերը, լուրջ հարց է: Բայց տեսանելի է, որ Իսրայելի հարվածներն ավելի ճշգրիտ են ու ավելի մեծ վնաս են հասցնում Իրանին:
Այստեղ մեծ են անորոշությունները, Հայաստանի համար, իհարկե, կան շատ լուրջ վտանգներ, ու նաև կողմերը դեռ մինչև վերջ չեն կողմնորոշվել։
Եթե խոսենք հնարավոր իրանամետ կոալիցիայի մասին, այսինքն՝ Իրանն էլ, հավանաբար, որոշ երկրներից ու ուժերից աջակցություն կունենա, դա դեռ այնքան էլ հստակ չէ, որովհետև առաջին քայլը Իսրայելինն էր:
– Հայաստանին սպառնացող հիմնական վտանգները որո՞նք են: Ի՞նչ պետք է անի ՀՀ իշխանությունը դրանց դիմագրավելու համար:
– Անմիջական հետևանքները հետևյալներն են. առաջինը՝ Ադրբեջանն արդեն փորձեր սկսեց, որպեսզի պարտադրի Հայաստանին այսպես կոչված միջանցք, ու այդ պարտադրանքի փորձերն ուժեղացվելու են: Մենք տեսնում ենք, որ հունիսի 12-ից Նախիջևանում թուրք-ադրբեջանական համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացվում։ Ես չեմ զարմանա, որ կուտակումներ են իրականացվում, որպեսզի որպես փաստարկ կամ ռազմական ուժ օգտագործվի Հայաստանի դեմ:
Երրորդ վտանգն արդեն Փաշինյանի դիվանագիտությունն է. նա ուզում է հունիսի 20-ին Անկարա մեկնել, ու չի բացառվում, որ նոր կապիտուլյացիա են դեմ տալու, որպեսզի ստորագրի ու գնա միակողմանի նոր ճակատագրական զիջումների:
Մյուս տեսական ամենամեծ վտանգը Հայաստանի համար կարող է լինել այն, որ կա՛մ Իրանն այնքան զբաղված է լինելու, կա՛մ տարբեր կողմերից այնքան լուրջ հարվածների տակ է լինելու, որ արդեն ունակ չի լինելու դեմն առնելու Հայաստանի վրա հարձակումներին ու Հայաստանի հարավը զավթելու փորձերին։ Կամ էլ՝ ծայրահեղ վտանգ, որ պոկեն Իրանի հյուսիսը, փորձեն Իրանից անջատել Քրդստանն և Իրանական Ադրբեջանը, ու մենք, ըստ էության, կորցնենք Իրանի հետ սահմանը, իսկ հարավում ունենանք երկրորդ Ադրբեջան: Դա մեզ համար հսկայական վտանգ է իհարկե:
Այս վտանգները շատ լուրջ պետք է դիտարկել, իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը, եկեք օբյեկտիվ լինենք. այս իշխանության օրոք որևէ քայլ, որը միտված է ամրապնդելու Հայաստանի անվտանգությունը, չի արվել ու չի արվելու, ընդհակառակը՝ արվում են բոլոր քայլերը, որոնք թույլ են տալու Ադրբեջանին իր քաղաքականությունն իրականացնել: Իրողությունը սա է, ու այս պահին անիմաստ խորհուրդներ տալու ցանկություն չունեմ:
– Պարո՛ն Միքայելյան, ստացվում է, որ հույսը մնում է այն, որ Իրանում իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի՞:
– Այո՛, պետք է հույս ունենալ, որ Իրանը չի պարտվելու կամ գոնե կարողանալու է այնքան կայուն պահել իրավիճակը, որ իր հյուսիսային ճակատը չվտանգվի։ Նա Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հետ հյուսիսային սահմանին լուրջ զորախումբ է պահում, որպեսզի դիմագրավի հնարավոր ագրեսիաներին կամ խնդիրներին, որոնք մինչև 2020 թվականը չեն եղել:
Այսպիսով, տեսանելի են լրջագույն վտանգներ, ու, ցավոք սրտի, չենք տեսնում աշխատանք, որը միտված է այդ վտանգները չեզոքացնելուն։ Որպես օրինակ կարող ենք դիտարկել Արմեն Գրիգորյանի նախորդ օրվա հայտարարությունը, դա ցուցիչ է, որ իշխանությունները չեն պատրաստվում որևէ բան ձեռնարկել, որ դիմագրավեն այդ մարտահրավերներին:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Հայաստանին սպառնացող հիմնական վտանգը միջանցք պարտադրելու Ադրբեջանի նոր փորձերն են. Հրանտ Միքայելյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.