Ալիեւ. «Այժմ ավելի մոտ ենք Հայաստանի հետ խաղաղությանը, քան երբեւէ»
Բաքվում ելույթ ունենալով «Մասնատված աշխարհի վերականգնումը» խորագրով Բաքվի Գլոբալ ֆորումի բացմանը՝ Ալիեւն ասել է.
«Հարավային Կովկասի անկախության պատմության մեջ խաղաղությունն երբեք այնքան մոտ չի եղել, որքան այսօր։ Եվ դա Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի արդյունքն է»։
Ընդգծելով, որ Բաքուն պատրաստ է շարունակել խաղաղ գործընթացը, Ադրբեջանի նախագահը նշել է, որ երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպումներն արդեն վերսկսվել են։
«Մեր կարծիքով, խաղաղությունը հասանելի է։ Դա այն է, ինչ մենք ուզում ենք: Մենք վերականգնել ենք պատմական արդարությունն ու միջազգային իրավունքը։ Եվ հիմա եկել է ժամանակը վերջ դնելու թշնամությանը տարածաշրջանում»,- հավելել է Ալիեւը։