Իրանի զորավարժությունները ՝ իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին
Իրանի զորավարժությունները Ադրբեջանի հետ սահմանին, տարածաշրջանային դերակատարներն ու հղված ուղերձները: Այս եւ այլ թեմաների շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է իրանագետ Արտյոմ Տոնոյանի հետ:
-Պարոն Տոնոյան, թեպետ պաշտոնապես Իրանը չի հայտնել զորավարժությունների անցկացման մասին, սոցցանցերի և մամուլի հրապարակումների համաձայն՝ դրանք ընդգրկելու են իրանա-ադրբեջանական սահմանային հատվածը, թալիշաբնակ շրջաններից մինչև Արցախից բռնազավթված հատվածներ, և նաև զգալի քանակությամբ ծանր զինտեխնիկա է տեղափոխել Նախիջևանի հետ իրանական սահման: Այս զորավարժություններն արդյո՞ք կապ ունեն Գորիս-Կապան միջպետական ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակի հետ, և ընդհանրապես, ի՞նչ նպատակ են հետապնդում:
— Արաքսի երկայնքով իրանական ռազմուժի կուտակման, զորավարժությունների անցկացման մասին տարածվող լուրերը տարածվեցին Գորիս-Կապան միջպետական ճանապարհին տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ ադրբեջանական կողմը փակեց ճանապարհն իրանական որոշ բեռնատարների համար և հետո սկսեց իրանցի վարորդներին ձերբակալել, գումարներ պահանջել: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ժամանակագրորեն հաջորդում է Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցած իրադարձություններին, և զորավարժություններն ուղիղ կապ ունեն այդ ամենի հետ:
Ըստ էության, այս զորավարժությունները ճնշելու նպատակ են հետապնդում: Ակնհայտ է, որ մինչ այս պահը իրանցի ձերբակալված վարորդներին բաց չեն թողել, իսկ իրանական կողմը ԱԳՆ խոսնակի մակարդակով պահանջեց անհապաղ բաց թողնել ձերբակալվածներին: Իրանի զորավարժությունները միջոց են քաղաքական ճնշման՝ ձերբակալված իրանցի վարորդներին ազատելու համար, և երկրորդ՝ որոշակիորեն հակազդում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը:
-Իրանցի որոշ քաղաքական գործիչներ և հոգևորականներ կոշտ քննադատության են ենթարկել Ադրբեջանին և Թուրքիային՝ պնդելով, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պետք է իր ուժը ցուցադրի հարևան պետություններին զսպելու համար: Արդեն մի քանի օր ինֆորմացիոն «փոխհրաձգություն» է Իրանի և Ադրբեջանի միջև: Ինչպե՞ս եք գնահատում իրանա-ադրբեջանական հարաբերություններն այս պահին, և հետագա լարվածությունը ինչի՞ կարող է հանգեցնել:
-Ուրբաթօրյա աղոթապետն Ադրբեջանին կոչ էր արել, որ «պետք չէ խաղալ առյուծի պոչի հետ», և այդ արտահայտությունը մեծ արձագանք գտավ և լարվածության ալիք ստեղծեց Ադրբեջանում: Մենք տեսանք արձագանք, և հարցը բարձրացավ ավելի լայն մակարդակ: Այդ հայտարարությանն արձագանքեցին պետական գործիչներ:
Այս պահին բավական լարված են իրանա-ադրբեջանական հարաբերությունները, չեն դադարում փոխադարձ սպառնալիքներով հայտարարություններ հնչեցնել: Կարծում եմ, որ այս իրավիճակն ունենալու է մարտական միտում:
-Ըստ Ձեզ, Իսրայելն ի՞նչ դերակատարություն ունի Իրանի հանդեպ Ադրբեջանի անթաքույց ագրեսիվ դիրքորոշման մեջ, նաև Արցախի օկուպացված շրջաններում ենթակառուցվածքների՝ օդանավակայանների, ճանապարհների, կամուրջների հապշտապ կառուցման գործում:
-Տարածվում են տեղեկություններ և՛ իրանական, և՛ ադրբեջանական մեդիա տիրույթում, որ Իսրայելն ակտիվ ներգրավված է տարբեր աշխատանքներում: Խոսքը վերաբերում է հատկապես Ջրականի և Վարանդայի հատվածում իրականացվող աշխատանքներին: Թե որն է Իսրայելի իրական նպատակը, դժվար է ասել: Իրանական սահմանի հետ ցանկացած արտաքին ուժի ներկայություն վատ է ընկալվում Իրանում:
Առավել բացասական է ընկալվում հատկապես Իսրայելի մասով, և պատահական չէ, որ սահմանին կուտակվող ռազմատեխնիկայի վրա պատկերված է Իրանի հոգևոր առաջնորդի նկարը և հայտարարությունը՝ ուղղված Իսրայելին, որտեղ գրված է, որ Իսրայելը չի տեսնելու առաջիկա 25 տարին: Ակնարկն այն մասին է, որ Իսրայելը դադարելու է որպես պետություն գոյություն ունենալ:
-Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետը իրեն հանդիպման առաջարկ է արել։ Երկխոսության ի՞նչ հնարավորություն եք տեսնում, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան ամեն օր մի խնդիր ստեղծում են Հայաստանի համար, ինչպե՞ս եք պատկերացնում այդ երկխոսությունը:
-Ակնհայտ է, որ Թուրքիան ունի որոշակի նախապայմաններ, ընդ որում իր ավանդաբար գոյություն ունեցող նախապայմաններին ավելացել են նոր կետեր:
Մնացածը հավանաբար պիտի իշխանությունը որոշի, և իրենք պետք է հասկանան՝ հեռանկարայի՞ն է, թե՞ ոչ, կա՞ արդյոք հնարավորություն առանց նախապայմանների երկխոսելու, թե՞, այնուամենայնիվ, պետք է բավարարել այդ նախապայմանները:
Անահիտ Չալիկյան
The post Իրանի զորավարժությունները ՝ իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին appeared first on ԳԱԼԱ.