Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ՌԴ ԱԴԾ հաղորդագրությունը Ղրիմի կամրջի պայթյունի գործին ՀՀ քաղաքացու մասնակցության վերաբերյալ
Ինչպես հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:
«Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ, Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ: Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ-ն տեղեկացրել է, որ Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվել են Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի քաղաքացիներ: ԱԴԾ-ից հայտարարել են, որ ահաբեկչության կազմակերպիչը Ուկրաինայի ՊՆ Հետախուզության գլխավոր վարչությունն է, նրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցներն ու գործակալները:-0-